2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում թուրք գեներալի ձերբակալությունից հետո սիրիացի քրդերը Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջաններում 40 թուրք զինվորականներ են ձերբակալել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Haberturk-ը հայտարարել է Սիրիայում գործող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) կազմակերպությունը, որը համարվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության Սիրիայի զինված թեւը:
HPG-ն հայտարարել է, որ թուրք զինվորականների ձերբակալությամբ կանխվել է Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիս: HPG-ի մարտիկները Rudaw թերթին հայտնել են, որ հիշյալ կառույցը ստեղծել են Սիրիայում հեղափոխական շարժում սկսվելուց հետո: Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող HPG-ի խոսնակը քրդական թերթին հայտնել է, որ կառույցը ստեղծվել է թուրքական բանակի` Սիրիա ներխուժումը կանխելու նպատակով: «Սահմանները մեզ համար առաջնայնություն է: Թուրքական բանակը երբեմն շարժվում է դեպի մեր տարածք: Մենք ձերբակալում ենք սահմանը հատող թուրքական ջոկատների անդամներին: Նա հավելել է նաեւ, որ ձերբակալում են նաեւ տարածաշրջանում սիրիացի ընդդիմադիրների համար զենք ներկրելու փորձ անող «պետության լրտեսներին»:
Իրանի պաշտոնական «Ֆարս» լրատվական գործակալությունը օգոստոսի 5-ին հայտնել է, որ Հալեպում սիրիական բանակի կողմից ձերբակալվել է Սիրիայի ընդդիմությանն «առաջնորդող» թուրք գեներալ, որի անունը չի հիշատակվել: Նշվել է միայն, որ թուրք գեներալը հարցաքննության համար տարվել է Դամասկոս: Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է իրանական «Ֆարս» գործակալության այդ հաղորդագրությունը: