Առողջապահության նախարարն այցելել է Երևան-Սևան մայրուղում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է Երևան-Սևան մայրուղում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին։ Չարենցավանի հատվածում հերթապահող բժշկուհին հայտնել է,որ հաճույքով են կատարում իրենց վրա դրված պարտականությունը, մանավանդ, որ երթևեկողներից շատերն արդեն տեղյակ են լրացուցիչ այս հերթապահությունների մասին։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին առղոջապահության նախարարությունից, հերթապահող բրիգադը նախարարին տեղեկացրել է, որ բարեբախտաբար տրանսպորտային պատահարներ չեն եղել, սակայն երթևեկող մեքենաներն օգտվում են շտապօգնության ծառայություններից։ Մասնավորապես այդ օրն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի մեջ վատ զգացած փոքրիկին և բարձր զարկերակային ճնշմամբ մեկ քաղաքացու։ Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել կատարվող աշխատանքի առթիվ և հորդորել է մշտապես ուշադիր ու հոգատար վերաբերմունք ցուցաբերել բժշկական օգնության կարիք զգացողների նկատմամբ։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապբժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը շտապբժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել: