Հասարակական

Արգենտինայի հայոց թեմի երիտասարդ ուխտավորներն այցելեցին Էջմիածին

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի հայոց թեմի երիտասարդ ուխտավորներն այցելեցին Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 5-ինՄայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է Արգենտինայի հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի և Վիսենտե Լոպես դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին, ինչպես նաև Բուենոս Այրես քաղաքի Արգենտինահայ Մշակութային Միության «Գայանե» պարախմբին` ուղեկցությամբ Բուենոս Այրես քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում Հոգեշնորհ Հայր Սուրբը նախ Նաթան Սրբազանին ներկայացրել է խմբերի անդամներին, ապա տեղեկացրել, որ թեմակալ առաջնորդի օրհնությամբ երիտասարդներն ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ավելի մոտիկից ծանոթանալու Հայրենիքի հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին:

Այնուհետև երիտասարդ հայորդիների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունել է Նաթան Սրբազանը: Իր խոսքում Սրբազան Հայրը ընդգծել է երիտասարդ ուխտավորների այցելության կարևորությունը` նշելով, որ Հայրենիքի բազմադարյա ժառանգության և սրբազան արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը նրանց համար պիտի դառնա ոգեշնչման ու վերանորոգության աղբյուր և կնպաստի նրանց մեջ հայրենասեր ու եկեղեցասեր անձերի կերտմանը:

Հանդիպմանը Սրբազան Հայրը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակին և Մայր Աթոռի կողմից իրականացվող քարոզչական ու հասարակական գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում