1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգին պատասխանել է բեյսբոլի մականը ձեռքին: Բավականին երկար տեւած հեռախոսազրույցի ընթացքում Օբաման ձեռքից բաց չի թողել մականը: Էրդողանի հետ հուլիսի 31-ին տեղի ունեցած զրույցի ժամանակ մականը ձեռքին Օբամայի լուսանկարը տեղադրվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, այդ լուսանկարը Վաշինգտոնում դարձել է օրվա քննարկման թեման: Ոմանց կարծիքով` Սիրիայի հարցով հեռախոսազրույցի ժամանակ ձեռքում մահակ բռնելը խորհրդանշում է արտաքին քաղաքականության նկատմամբ Օբամայի վարչակազմի մոտեցումը:
Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին լրագրողների հետ հանդիպմանը` նրանց տեղատարափ հարցերին խուսափողական պատասխան է տվել` ասելով. «Օբաման բեյսբոլի ֆանատ է եւ երկրպագում է Chicago White Sox թիմին»: