Սերբիայում նոր կառավարություն է կազմավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը` վարչապետ Իվիցա Դաչիչի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սերբական լրատվամիջոցները, նախարարների կաբինետի կազմավորմանը կողմ են քվեարկել 142 պատգամավորներ, այն դեպքում, երբ դեմ են հանդես եկել 72-ը:
Կառավարության կազմում կլինեն «Սերբիայի առաջադիմական», Սոցիալիստական, «Սերբիայի միավորված շրջաններ»-ի և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Կառավարության կազմում է 17 նախարար, ևս մեկը` առանց պորտֆելի:
Սերբիայում դեմոկրատական ճանապարհով կառավարության կազմավորումը ողջունել են Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Այս տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` առաջին տեղն է զբաղեցրել «Սերբիայի առաջադիմական»կուսակցությունը, որին, սակայն, հավաքած ձայները չբավարարեցին միանձնյա կառավարություն կազմելու համար: