Հասարակական

Հայաստանի գործատուների միությունը պատրաստակամ է աջակցել սիրիահայ գործարարներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի գործատուների միությունը պատրաստակամ է աջակցել սիրիահայ գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հանդես է եկել հայտարարությամբ, որով պատարաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայից Հայաստան տեղափոխվող եւ հայրենիքում բիզնես հիմնելու գործում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասում է.«Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) անհանգստացած է Սիրիայի քաղաքական իրավիճակի հետևանքով մեծ վտանգի առջև հայտնված հայկական գաղութի իր բազմահազար հայրենակիցների ճակատագրով:

Հայերը, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը հանդիսացող երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր միջավայրին` պահպանելով սեփական մշակութային և ազգային ուրույն նկարագիրը, նախաձեռնելու և ստեղծագործ աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, միշտ էլ իրենց երկրորդ հայրենիքը դարձած արաբական այդ երկրում ապրել են որպես լիիրավ քաղաքացիներ:

Դրա վառ ապացույցն է նաև այն, որ բազմաթիվ սիրիահայ ձեռներեցներ այստեղ հիմնել են բիզնես` մեծ, միջին կամ փոքր ձեռնարկություններ, ազնվորեն ներդրել են իրենց հասանելիք մասնաբաժինը Սիրիայի գործարար միջավայրի զարգացման գործում, նաև երկրի ներսում և նրա սահմաններից դուրս իրականացնում են տնտեսական համագործակցության և կոոպերացիայի բազմազան նախաձեռնություններ:

Ցավոք, այսօր իրավիճակը այլ է: Գործարար միջավայրը Սիրիայում խաթարվել է, դարձել անհուսալի և ռիսկային: Կան մարդիկ, որոնք ծրագրեր են կազմում իրենց գործը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու համար:

Նկատի ունենալով և լավ հասկանալով գաղափարներ, ջանք, եռանդ, ֆինանսական միջոցներ և նյութական արժեքներ ներդնող, բիզնես հիմնող գործարար մարդկանց մտահոգությունները, որ կարող է առաջանալ Սիրիայում ստեղծված ներկա կացության հետևանքով, ՀԳՀՄ-ն հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկությամբ:

Հարգելի հայրենակիցներ, այն գործարարները, ովքեր Սիրիայում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառով մտադիր են տեղափոխվել Հայաստան և շարունակել նախասիրած գործունեությունը կամ հիմնել նոր բիզնես, ՀԳՀՄ-ն պատրաստ է իր բոլոր հնարավորություններով սատարել և աջակցել:

ՀԳՀՄ-ի աջակցությունը կարող է լինել հետևյալ ոլորտներում.

- Անվճար խորհրդատվություն հայկական բիզնես միջավայրում հիմնադրվելու հարցերով, բիզնեսի գրանցումից մինչև հարկային և մաքսային օրենսդրության լուսաբանում:

- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների մասին տեղեկատվություն, խորհրդատվություն ըստ հոդվածների:

- Աշխատանքային միջավայրի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերում խորհրդատվության տրամադրում:

- Աշխատողների հավաքագրում, ուսուցանում:

- Աջակցություն անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրների հետ կապերի ձևավորման հարցերում՝ ներառյալ վարկերի և բիզնեսի աջակցման տարբեր մեխանիզմների մասին:

- Սիրիահայ գործարարների շահերի պաշտպանություն:

- Սեփականության (ներառյալ՝ անշարժ գույք) գնման հարցերում խորհրդատվության տրամադրում և աջակցություն:

- Մարկետինգ և շուկայի մասին տեղեկատվության տրամադրում:

- Գործարար կապերի ստեղծում ՀՀ-ում գործող տարբեր գործարարների հետ:

- Տեղական ինքնակառավարման և կենտրոնական կառավարման մարմինների կապերի ստեղծում:

- ՀԳՀՄ տեղեկատվական բազայի տրամադրում ներքին և արտաքին կապերի ստեղծում:

- Ներմուծման և արտահանման խթանում:

- Իրավական խորհրդատվություն:

- ՀՀ գործարար համայնքում արագ ինտեգրման աջակցություն:

- Տարբեր թրեյնինգների իրականացում և գրականության տրամադրում:

Բոլոր սիրիահայ բիզնեսմենները, անկախ այն հանգամանքից կգործեն Հայաստանում, թե այլ երկրներում, իրենց ցանկության դեպքում ավտոմատ կարգով կհամարվեն ՀԳՀՄ անդամ և կհանդիսանան ՀԳՀՄ սուբյեկտներ` դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում