ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամլո կենտրոնից, գլխավոր քարտուղարը միաժամանակ շեշտել է, որ ԵԱՀԿ կշարունակի իրականացնել իր ստանձնած պարտականությունները` հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը»,- նշել է Զաննիերը` աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը հակամարտության կարգավորման ուղիները գտնելու և հրադադարն ամրապնդելու հարցում:
«Այս հակամարտությունն ուժով չի կարգավորվելու: Բանակցություններն առաջ շարժվելու միակ ուղին է: Խնդրի կարգավորման կարևորագույն նախապայմանները բանակցություններում ընդգրկված բոլոր կողմերի քաղաքական կամքն ու հանձնառությունն են»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Նա լուրջ մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և շփման գծում տեղի ունեցած մի շարք միջադեպերի առնչությամբ:Զաննիերը կոչ է արել կողմերին զերծ մնալ ուժի և դրա սպառնալիքի կիրառումից, ինչպես նաև վրեժխնդրության գործողություններից:
Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես մարդկային շփումների խթանման հարցում:
Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Վրաստանում կլինի հուլիսի 10-11-ին, իսկ Երևանում` հուլիսի 11-12-ին: