Ոստիկանությունն անիմաստ է համարում ընտրողների թվի վերաբերյալ բամբասանքներին անդրադառնալը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումներից մեկին:
Հուլիսի 5-ի թերթի հրապարակումներից մեկում կրկին շրջանառության մեջ է դրվել ոստիկանության կողմից ՀՀ ընտրողների թիվն ավելացնելու բամբասանքը, որը ժամանակին հերքվել է շուրջ քսան պարզաբանումներով: Այնքան հիմնավոր է հերքվել, որ ընդդիմախոսների կողմից այդպես էլ որեւէ համոզիչ առարկություն չհնչեց: Արմենպրես»-ին ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որՈստիկանությունն անիմաստ է համարում այդ խնդրին կրկին անդրադառնալն ու պարզապես առաջարկում է վերընթերցել այդ պարզաբանում-հերքումները:
Ինչ վերաբերում է հրապարակման երկրորդ «թեմային», ապա այն առնվազն տարակուսանք է հարուցում: Նշելով, որ անցած տարվա առաջին հինգ ամիսների համեմատությամբ այս տարվա նույն ժամանակահատվածում հանցագործությունների թիվը նվազել է 5, իսկ մայիսին` 25 տոկոսով, հոդվածագիրը թերահավատություն է դրսևորում ու անցնում երգիծանքի:
«Ոստիկանության հանդեպ վերաբերմունքի հարցում վիճել չենք ուզում. յուրաքանչյուրի ճաշակի ու նախասիրության խնդիրն է, բայց վիճակագրությունը օբյեկտիվ մոտեցում է պահանջում:
Մասնավորապես, հակագիտական է` վերցնել մեկ ամսվա տվյալները ու դրա վրա մի ամբողջ տեսություն կառուցել, այն դեպքում, երբ վերլուծությունները կատարվում են եռամսյակային, կիսամյակային ու տարեկան հաշվարկների հիման վրա:
Հակատրամաբանական է լուրջ տեսքով խոսել ոստիկանության կողմից «թվեր նկարելու» մասին, երբ հարցին փոքրիշատե տեղյակ ամեն ոք գիտի` վիճակագրությունը ձևավորում են նախաքննության ու հետաքննության բոլոր մարմինները, ցուցանիշները փոխադարձաբար վերահսկվում են, իսկ ընդհանուր հսկողությունն իրականացնում է դատախազությունը:
Լուրջ իրողությունները լուրջ ուսումնասիրություն են պահանջում: Իսկ իրողությունն այն է, որ ոստիկանությունն առաջնահերթություն է հռչակել հանցագործությունների կանխարգելումը, արմատապես վերափոխել է պարեկապահակետային ծառայության աշխատանքը, ուժեղացրել է գիշերային ծառայությունը, ընդլայնել է համայնքային ոստիկանության գործունեության շրջանակը: Արդյունքում` նվազել են գողությունները, կողոպուտները, խուլիգանությունը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերը և այլն: Եվ վիճակագրությունն արձանագրել է արդյունքը: Այսինքն, ոչ թե երկրում հեղափոխություն է կատարվել, այլ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բարեփոխվել, ինչի համար կարելի է միայն ուրախանալ»,- նշված է պարզաբանման մեջ:
Շուտով ոստիկանությունը կհրապարակի այս տարվա առաջին կիսամյակի ամփոփ վիճակագրությունը, որը արձանագրելու է հանցավորության նվազում, և մեր հարգելի գործընկերներին կոչ ենք անում անաչառ ու բարկայացակամորեն վերկուծել այս իրողությունն ու ընթացքը: