Քաղաքականություն

Հերման վան Ռոմպույը կոչ է անում խստորեն պահպանել ԼՂ հակամարտության հրադադարը

2 րոպեի ընթերցում

Հերման վան Ռոմպույը կոչ է անում խստորեն պահպանել ԼՂ հակամարտության հրադադարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է մնա որպես հիմնարար առաջնահերթություն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:

«Ամեն անցնող օր մեզ բոլորիս համար կորցված հնարավորություն է: Խնդիրը լուծելու համար մենք պետք է վստահություն և հարգանք կառուցենք: Մենք մեծ անհանգստությամբ իմացանք, որ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և շփման գծում տեղի են ունեցել մի շարք զինված միջադեպեր: Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար և ցավակցում զոհվածների ընտանիքներին»,- նշեց Եվրոպական խորհրդի նախագահը:

Նրա խոսքով` ռազմական ուժը չի կարգավորի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Միայն խաղաղ և բանակցային լուծումը կարող է ապահովել բարգավաճ և ապահով ապագա: Խնդրի կարգավորումը և անվտանգ միջավայրի ապահովումը շահավետ կլինեն ողջ հայության համար»,- շեշտեց Հերման վան Ռոմպույը:

ԵՄ նախագահը նշեց, որ Հայաստանը և Ադրբեջւանը պետք է որոշում կայացնեն խնդրի տևական և խաղաղ կարգավորման համար` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա: «Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիովին իրականացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած իրենց հանձնառությունները: Կողմերը նաև պետք է խստորեն պահպանեն հրադադարը, տեղում զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան ռազմական հռետորաբանությունից: ԵՄ-ն պատրաստ է աջակցել վստահության կառուցման ցանկացած միջոցի»,- ասաց վան Ռոմպույը:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով Հարավային Կովկասում է: Այցը մեկնարկել է Հայաստանում հուլիսի 3-4-ըև կշարունակվի Վրաստանում ու Ադրբեջանում:Ռոմպույը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում