3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ներկայիս սրտաբանությունն անհամեմատելի առաջընթաց է գրանցել 90-ականների բժշկության համեմատ: Հայաստանում սրտաբանության ներկայիս վիճակին նման գնահատական տվեց «Քանկոր» բժշկական կենտրոնի ղեկավար, սրտաբան Շահեն Խաչատրյանը` դրական համարելով փոփոխությունը նաեւ խորհրդային տարիների բժշկության հետ համեմատած: Նա նշեց, որ հայ սրտաբանների գրանցած հաջողությունները հիմնականում անհատների գործունեության արդյունք են. պետության դերն այնքան էլ մեծ չէ` չնայած վերջին տարիներին վիճակը փոքր-ինչ փոխվել է:
Շահեն Խաչատրյանի ներկայացրած վիճակագրությամբ` 20-րդ դարում աշխարհի բոլոր պատերազմները միասին ավելի քիչ կյանք են խլել, քան սիրտ-անոթային հիվանդությունները:
Նույն վիճակագրության համաձայն` աշխարհի յուրաքանչյուր երկրում մեկ միլիոն բնակչությունից առնվազն հազար մարդ սրտի վիրահատման և ստենդավորման կարիք ունի: Այսպիսով` Հայաստանի երեք միլիոն բնակչությունից երեք հազար մարդ պետք է ստանա անհրաժեշտ բուժօգնություն, սակայն դա կատարվում է կիսով չափ, քանի որ տարեկան իրականացվում են 1500 վիրահատություններ:
Դա վկայում է այն մասին, որ բնակչությունն անվճարունակ է նման վիրահատությունների համար` պայմանավորված դրանց բարձր գներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բժիշկ-սրտաբանը մտահոգություն հայտնեց, որ Երևանում սնկի պես աճող սրտաբանական կլինիկաները, չնայած ժամանակակից սարքավորումների և շենքային պայմանների հագեցվածությանը, ունեն մասնագիտական թույլ զարգացվածություն:
Շահեն Խաչատրյանը, խոսելով սրտի վիրահատության ամենատարածված տեսակի` ստենդավորման մասին, հայտնեց, որ Հայաստանում որպես մասնագիտություն չկա միջամտային սրտաբանություն (ստենդավորում), և առողջապահության նախարարության միջոցով իրենք բացել են միջամտային սրտաբանության ասոցիացիա: Դրա հիմնական խնդիրները երկուսն են` ճանաչելի դարձնել այն որպես մասնագիտություն և աշխարհի մյուս զարգացած երկրների օրինակով առաջնորդվել բժշկական համաշխարհային ֆորումների ուղեցույցներով, որոնք առաջարկում են բուժման նոր և էֆեկտիվ միջոցներ: Իրենց ասոցիացիայի գլխավոր նպատակներից մեկը նաև բուժման նոր մեթոդները օրինական դաշտ մտցնելն է: