Տնտեսություն

Հայաստանի արդյունաբերական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն կկատարվի. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արդյունաբերական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն կկատարվի. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ձեւավորելու ենք մրցունակ տնտեսություն` պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի կողմից կազմակերպված «Հայաստան. աճի եւ միջազգային փորձի հնարավորություններ» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտարարեց, որ առաջիկայում արմատական փոփոխություն է կատարվելու Հայաստանի արդյունաբերական քաղաքականության մեջ: «Մենք շահագրգռված ենք, որ Սեւծովյան բանկը ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերում ունենա իր ներդրումը: Հայաստանը բարձր է գնահատում ԱՍԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացրած մոտ 75 մլն դոլարի բազմաթիվ ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց կառավարության ղեկավարը: Սարգսյանը վստահեցրեց, որ ստեղծելու են նոր պայմաններ սկսնակ բիզնեսի համար, որն էլ Հայաստանի թիվ մեկ խնդիրն է:

Վարչապետը չբացառեց բիզնեսի զարգացման համար Հայաստանում առկա բազմաթիվ խոչընդոտները ու խոստացավ, որ դրանք վերացնելու նպատակով էական ուշադրություն են դարձնելու իրավապահ, դատական մարմինների կայացմանը, իսկ բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու նպատակով միջոցառումներ կձեռնարկվեն:

Սեւծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի խոսքով` համաշխարհային տնտեսության փոփոխական զարգացումների ֆոնին սեւծովյան երկրները կայուն աճ են ապահովել: «Հայաստանի տնտեսությունը դրա լավագույն օրինակն է»,- ասաց Կոնդակովը` տեղեկացնելով, որ մինչեւ 2014 թվականը Սեւծովյան բանկը Հայաստանին կտրամադրի մոտ 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն:

ԱԶՍԲ-ն միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրել են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան: Բանկի կանոնադրական կապիտալը մոտ 3.3 մլրդ եվրո է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում