Եգիպտոսում նախագահ են ընտրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հունիսի 16-ին մեկնարկել է Եգիպտոսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax.ru-ն, առավոտյան բացվել են բոլոր ընտրական տեղամասերը: Եգիպտոսի 27 մարզերում գործում են ավելի քան 13 հազար տեղամասեր, որտեղ կարող են քվեարկել Եգիպտոսի 50 միլիոն քաղաքացիներ: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կավարտվի հունիսի 17-ին, եւ քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն հունիսի 21-ին:
Երկրորդ փուլի ընտրություններում քաղաքացիների անվտանգությունը կապահովեն Եգիպտոսի շուրջ 400 հազար ոստիկաններ եւ զինվորականներ:
Ընտրությունների առաջին փուլը Եգիպտոսում կայացել է մայիսի 23-24-ը: Առաջին փուլին մասնակցել են 12 թեկնածուներ: Նրանցից ոչ մեկին չհաջողվեց հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսը, որի համար հայտարարվեց երկրորդ փուլի մասին: