2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված ինքնուս ստեղծագործողների հանրապետական փառատոնը կանցկացվի հուլիսի 10-30-ը: Փառատոնի անցկացումը կնպասի մարզաբնակ ինքնուս տաղանդների բացահայտմանը:«Կան շատ տաղանդավոր ստեղծագործոններ, սակայն բոլորը չէ, որ հնարավորություն ունեն իրենց ստեղծագործությունները ասպարեզ բերելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքով` փառատոնը տեղի կունենա երկու փուլով. հայտ ներկայացրած մասնակիցները մարզերից ընտրվելու դեպքում կմասնակցեն երկրորդ փուլին` Երեւանում:Պողոսյանը տեղեկացրեց, որ 2012 թվականը հայտարարվել է Սայաթ-Նովայի տարի:«Մեր գերխնդիրը ոչ թե Սայաթ-Նովայի ծննդյան վիճարկելի տարեթիվը ճշտելն է, այլեւ նրա սքանչելի արվեստն ապրեցնելն ու բարձրացնել է»,- պարզաբանեց միության նախագահը:
Կայանալիք փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ մարզպետարանները:
Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանի առթիվ ՅՈՒՆՍԿՕ-ի հետ համատեղ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը աշնանը միջազգային ենթատարածաշրջանային փառատոն, գիտական նստաշրջան, համերգային շրջագայություն կանցկացնի Արցախում, Վրաստանում եւ Ռուսաստանում: Հրատարակել է նաեւ «Սայաթ-Նովա խաղեր» ժողովածուն եւ այլ գրքեր: