Վարչապետը հայտարարեց` կառավարության կազմում կադրային էական փոփոխություններ չեն լինի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական ուժեր, որոնք կառավարության աշխատանքին տալիս են օբյեկտիվ գնահատականներ: Հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:«Ընդդիմության գնահատականը մենք հարգում ենք, սակայն չենք կարող առաջնորդվել նրանց տեսակետներով: Կան բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, առաջընթացներ, կան նաեւ բացթողումներ, եւ մենք կենտրոնանում ենք կատարված այն աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրը առաջ տանելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը:Նրա խոսքով` ամբողջ խնդիրն այն է, թե ով ինչ է ուզում տեսնել: Օբյեկտիվ լինելու դեպքում հնարավոր է տեսնել կատարված ահռելի մեծ ծավալի աշխատանք: «Կարեւորագույն աշխատանքն այն է, որ մենք կարողացանք երկիրը կառավարել առանց խնդիրների շատ բարդ ճգնաժամային պայմաններում: Եվ պետք է միայն ցանկություն ունենալ դա նկատելու համար: Մենք հանգիստ ենք վերաբերում բոլոր գնահատականներին, մոտեցումներին, եւ միեւնույն ժամանակ բնակչությանը տեղյակ ենք պահում, որ դա ընդամենը, ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, մեր ազգաբնակչության փոքրամասնության կարծիքն է»,-նկատեց Սարգսյան: Նրա հավաստմամբ` մեծամասնությունը վստահում է իրենց, եւ այդ վստահության վրա ձեւավորում է կառավարությունը:«Մենք մշտապես ասել ենք, որ օբյեկտիվ քննադատությունն ուժեղացնում է կառավարությանը, քանի որ հնարավորություն է տալիս բացահայտել մեր թույլ կողմերը, եւ դրանց վրա կենտրոնացնել մեր ուշադրությունը: Ինչքան ուժեղ լինի մեր կառուցողական ընդդիմությունը, այնքան ուժեղ կլինի կառավարությունը, իշխանությունն ու պետությունը»,-շեշտեց Սարգսյանը: Նրա խոսքով` դա դեմոկրատական հասարակության զարգացման տրամաբանությունն է:Վարչապետը նշեց, որ կառավարության կազմը մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի: Էական կադրային փոփոխություններ չեն լինելու, եւ հիմնական թիմը պահպանվելու է: Փոխվելու են այն պաշտոնները զբաղեցնողները, որոնք արդեն ազատվել են: