6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները կանգնում են մասնագիտություն ընտրելու, ապա' աշխատանք գտնելու խնդրի առջեւ: Թե ինչ ուղղությամբ են մասնագիտանում հայ երիտասարդներն առավելապես, ու ինչպես է ապահովվում գիտություն-տնտեսություն կապը' բուհից մասնագիտական աշխատանքի անցման միջոցով, «Արմենպրես»-ը փորձեց պարզել' զրուցելով Երեւանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի հետ:
-Վերջին եռամյակում հատկապես ո՞ր մասնագիտությունների նկատմամբ է մեծացել դիմորդների հետաքրքրությունը:
-Մենք ունենք մի շարք վերլուծություններ, եւ այն, որ հումանիտար մասնագիտությունների հանդեպ դիմորդների հետաքրքրությունը մեծացել է, ակնհայտ է: Շատ են դիմում միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության, հանրային կառավարման, իրավագիտության, տնտեսագիտության ու կառավարման բաժին, որն, ի դեպ, վերջին շրջանում չափազանց մեծ պահանջարկ ունի: Ֆիզիկա-մաթեմատիկական թեւից ունենք համեմատաբար երիտասարդ մասնագիտություն' ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա, որտեղ օրեցօր ցանկացողների թվի աճ ենք արձանագրում, իսկ օրինակ քիմիայի ֆակուլտետում, որտեղ շատ հաճախ նույնիսկ անվճար տեղերն են թափուր մնում, մեծ պահանջարկ ունի դեղագործության բաժինը: Ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի դիմորդների թիվը, կարելի է ասել, գրեթե պահպանվում է: Նախորդ տարի դիմորդների պակաս թվով պայմանավորված' միայն այս տարի ավելի պարզ կլինի, թե կոնկրետ որ մասնագիտությունների հանդեպ է հատկապես աճել դիմորդների հետաքրքրությունը:
-Մայր բուհի հատկապես ո՞ր ֆակուլտետի շրջանավարտներն են առավել հեշտ ներգրավվում մասնագիտական գործունեության ոլորտում: Ինչպե՞ս կարելի է վերականգնել գիտության եւ արտադրության կապը' ապահովելու պատրաստված մասնագետների ներգրավվածությունը պրակտիկ գործունեության ոլորտ:
-Սա դժվար հարց է: Այսօր բոլոր ֆակուլտետների շրջանավարտներն էլ խնդիր ունեն մասնագիտական աշխատանքով ապահովվելու հարցում: Կարծում եմ' այստեղ անհրաժեշտ է պետական հովանավորչական մոտեցում: Նախկինում գոյություն ուներ պետական պլան, համաձայն որի' կարգավորվում էր նորավարտ կադրերի ներգրավվածությունն աշխատանքային գործընթացին: Հիմա այդ մեխանիզմը չի գործում: Այսօր ուսանողն ինքն է տեսնում իր գլխի ճարը: Սակայն ունենք փոքր բացառություններ, օրինակ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ- ն, որն իր նախաձեռնությամբ մեզ հետ կնքել է պայմանագիր եւ մեզ հետ կատարում է մասնագետների ձեւավորում ու հետագայում նաեւ մասնագետներին բարձր վարձատվությամբ աշխատանքի ապահովում: Կազմակերպությունը ներկայացնում է որոշակի պլան, որը համաձայնեցվում է կոնկրետ ֆակուլտետի ուսումնական պլանի հետ, ապա ապահովում Է համապատասխան պայմաններ եւ տեխնիկա, կատարում են համապատասխան ներդրումներ: Այս ամենի արդյունքում այն ուսանողները, որոնք իրենց արդարացնում են, աննկատ չեն մնում: Կարեւորում եմ նաեւ մի քանի նախարարությունների ներգրավվածությունն այս գործում, հատկապես պաշտպանության նախարարության աջակցությունը, որը պարբերաբար լավագույն ուսանողների ցանկ է խնդրում համալսարանից' նրանց աշխատանքով ապահովելու համար: Եթե այդպիսի մոտեցում լիներ մի քանի այլ կազմակերպութունների կողմից, իհարկե, շատ գովելի արդյունքներ կունենայինք: Դա շատ կօգներ, որ մեր երիտասարդ կադրերը ե՛ւ երկրում մնային, ե՛ւ մասնագիտական լուրջ ներգրավվածություն ունենային:
-Ո՞ր ֆակուլտետների շրջանավարտներն են հատկապես պահանջված այլ երկրներում (կարելի է դիտարկել նաեւ միջբուհական փոխանակման ծրագրերի համաձայն):
-Պետք է կրկին շեշտեմ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ- ի ներգրավվածությունն այս հարցում: Այն հիմնականում հետաքրքրություն է ցուցաբերում ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանակում: Այն մի քանի տարի է կայուն գործում է, շրջանավարտներ է տալիս եւ արդյունքները գոհացուցիչ են համալսարանի եւ ընկերության համար: Այն կարողանում է լավագույն կադրերին աշխատանքով ապահովել ինչպես երկրի ներսում, այնպես էլ'արտերկրում: Կար հետաքրքրություն նաեւ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի մասնագետների հարցում, սակայն ֆակուլտետների պասիվությունը թույլ չտվեց դա շարունակել: Բայց այս ֆակուլտետների առաջադեմ շրջանավարտները նույնպես կարողանում են բարձր վարձատրվությամբ մասնագիտական աշխատանքներ գտնել: Պահանջարկ կա նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում, կա ներգրավվածություն գերմանական մի քանի ծրագրերում: ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի ֆակուլտետի, դեղագործության բաժնի շրջանավարտ մասնագետների պահանջը մեծ է արտերկրում, սակայն նրանց մասնագիտական ներգրավվածությունն անհատապես է կարգավորվում:
-Ո՞ր մասնագիտությունների գծով շրջանավարտներն են, որ համաշխարհային ասպարեզում արդեն իսկ արձանագրել են եւ դեռ կարող են արձանագրել լուրջ հաջողություններ:
-Շատ հաճախ մեր ուսանողները մասնակցում են միջբուհական, միջպետական օլիմպիադաների, որտեղ ցույց են տալիս բավականին լուրջ ցուցանիշներ, հատկապես ակտուար, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, դեղագործական քիմիայի շրջանակներում:
-Լավատեսորե՞ն եք մոտենում, որ նոր կադրերն ավելի առաջ կանցնեն արձանագրած բարձր ցուցանիշներից եւ կապահովեն մասնագիտական նկատելի առաջընթաց:
-Եթե հույսեր չունենայի, այստեղ այլեւս չէի աշխատի: Վստահ կարող եմ ասել, որ կան ուսանողներ, որոնք մեծ հույսեր են ներշնչում եւ ապագայում նրանք իրենց մասին դեռ խոսել կտան:
Հարցազրույցը' Մանուշ Ղուկասյանի