Հարցազրույց

Արմեն Աշոտյանի տիկնոջը հաջողվում է ամուսնու գործունեությանը հետեւել քննադատի աչքերով

6 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանի տիկնոջը հաջողվում է ամուսնու գործունեությանը հետեւել քննադատի աչքերով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդը դժվարությամբ է կարողանում բարձունքների հասնել, երբ կողքին չի լինում կին, ով միշտ հասկանում է ու օգնում դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից: Եթե անգամ այս տեսակետը չի կարելի ընդհանրացնել բոլոր տղամարդկանց համար, այնուամենայնիվ, պարզ է` նրանց ճախրելու համար թեւեր պարգեւող կանայք սովորաբար մնում են ստվերում: Առանց որեւիցե ֆեմինիստական շարժում սկսելու ակնկալիքի պետք է նշել, որ մեր տեսակետը դարձավ համոզմունք, երբ «Արմենպրես»-ը հանդիպեց եւ զրուցեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի տիկնոջ` Լուսինե Նավասարդյանի հետ:

-Լուսինե’, իրականում դժվա՞ր է լինել նախարարի կնոջ դերում:

Տանը ես բացարձակապես չեմ զգում որեւիցե տարբերություն կամ առանձնահատկություն, որ նախարարի կին եմ: Մեր տանը գործում է ընդհանուր բանաձեւը` ամուսին-կին-երեխաներ: Իսկ ահա դրսում պետք է նշել, որ շատ դժվար է: Դա կաշկանդվածության պատճառ է, քանի որ հաճախ աշխատանքի վայրում, երբ ցանկանում ես մի փոքր թուլանալ, ծիծաղել, միշտ հիշում ես, որ կողքից քեզ նայում են որպես նախարարի կնոջ:

-Ընդունված է կարծել, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետեւում կանգնած է ուժեղ կին; Ձեր ամուսնու հաջողությունների քանի՞ տոկոսն եք «վերագրում» Ձեր ուժեղությանը:

Այդ հարցին, կարծում եմ` պետք է ամուսինս պատասխանի (համեստորեն ժպտում է): Միայն մի բան հասցրել եմ նկատել, որ երբ ունենում ենք որոշակի խնդիրներ, ճգնաժամային պահեր, դա միանգամից տեսանելի է դառնում նրա պահվածքում: Հեռուստատեսությամբ ամուսնուս տեսնելիս միանգամից զգում եմ, թե ինչպես է կոնկրետ իրադարձությունն անդրադարձել նրա վրա: Փոխվում է նրա դեմքի արտահայտությունը, որոշակի լարվածություն է սկսվում նկատվել: Կարծում եմ, որ հենց նմանատիպ պարագաներում ես համոզվում, որ, իրոք, գտել ես քո երկրորդ կեսին:

-Կարողանու՞մ եք Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի գործունեությանը հետեւել քննադատի աչքերով:

Միշտ դա մեր հարաբերություններում եղել է պարտադիր պայման: Կարծում եմ, որ նույնիսկ իր կատարած ընտրության մեջ այդ հանգամանքը կարեւոր տեղ է գրավել: Ես միշտ նայում եմ նրան քննադատի աչքով: Իր խոսքերով` իր առաջին քննադատը ես եմ: Իհարկե, թերություններ նկատելիս անպայման մատնաշում եմ դրանք: Կարծում եմ` իրեն դա օգնում է:

-Դուք բժիշկ եք, աշխատում եք ձեր մասնագիտությամբ: Որքանո՞վ է պարոն Աշոտյանն օգնում Ձեզ:

Ինչպես յուրաքանչյուր կնոջ համար, ինձ համար էլ չափազանց կարեւոր է ունենալ այն գիտակցությունը, որ կարող ես հույսդ դնել կողակցիդ վրա: Ընդհանրապես, կնոջ աշխատելու մեջ մեծ է ամուսինների դերը ցանկացած մասնագիտությամբ` անկախ ամուսինը նախարար է, թե ոչ: Ուրախ եմ, որ նա կարողանում է ընտանիքում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կարողանամ հանգիստ աշխատել:

-Իսկ Դուք կցանկանայի՞ք լինել կրթության նախարար: Ի՞նչ փոփոխություն կիրականացնեիք այդ պաշտոնում:

Ոչ, չէի ցանկանա, քանի որ շատ բարդ աշխատանք է: Ես տեսնում եմ, թե նա ինչքան կարոտ ունի իր երեխաների, ընտանիքի նկատմամբ: Չունի շաբաթ-կիրակի, հանգստյան օրեր. Տան կինը, մայրը չի կարող այդ ռեժիմով աշխատել: Իսկ փոփոխության մասին պետք է նշեմ, որ իր աշխատանքից, իրականացվող բարեփոխումներից քիչ եմ տեղյակ: Մենք տանը աշխատանքային ոչ մի հարց չենք քննակում:

-Ընդունված է կանանց համարել թույլ սեռի ներկայացուցիչներ: Որքանո՞վ եք համամիտ այդ բնութագրմանը:

Համամիտ եմ այդ գաղափարին, քանի որ իրականում կինը թույլ է: Իհարկե, կան ուժեղ կանայք, ովքեր կարողանում են կարեւոր որշումներ կայացնել, դժվարին իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել:

-Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը սովորաբար ընդունում ենք որպես լավագույնը կանանց կյանքում տարվա ընթացքում, քանի որ տղամարդիկ ավելի ուշադիր են եւ բարեհամբույր: Ինչքանո՞ վ է Ձեր ինքնազգացողությունը փոխվում այդ շրջանում:

Չեմ ասի, որ ամբողջովին նույնն է եւ չի փոխվում, բայց եթե ասեմ արտասովոր փոփոխություն եմ զգում, դա էլ սխալ կլինի: Հեռուստատեսությունը, ցուցափեղկերն են ավելի շատ տոնական մթնոլորտ ստեղծում:

-Ինչպիսի՞ նվերներ եք նախընտրում ստանալ:

Իրականում նվերներ ստանալ շատ եմ սիրում: Իսկ Արմենի նվիրած նվերները միշտ յուրահատուկ են եւ հետաքրքիր: Ծաղիկներ ստանալ եւս շատ եմ սիրում:

-Այժմ ինչի մասին է երազում Լուսինեն: Արմեն Աշոտյանը վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր, որ երազում է աղջիկ ունենալու մասին:

Նպատակներ շատ ունեմ: Ապագայի պլաներում ես էլ եմ աղջիկ ուզում, քանի որ մայրը միշտ աղջիկ է ուզում ունենալ (ծիծաղում է): Հետաքրքիր է, որ դա ոչ թե ընդունում եմ, այլ զգում եմ: Ես միշտ կատակով ասում եմ, որ եթե իմանամ, որ զույգ աղջիկ կունենամ, հենց հիմա էլ կունենամ:

-Ո՞րն է ձեր շնորհավորանքի խոսքը հայ կանանց:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ կանայք լինեն իրենք իրենց մեջ հաշտ ու համերաշխ, ինչը ես ներդաշնակություն եմ անվանում: ցանկանում եմ, որ իրենց զգան լիարժեք ու սիրված եւ միշտ ժպտան:

ուք մաղթում եք հոգեկան ներդաշնակություն: Իսկ ինքներդ ունե՞ք Ձեր երկու «ես»-երին հաշտեցնելու խնդիր:

Վտանգավոր հարց եք տալիս (ծիծաղում է): Երբեմն լինում են վեճեր, սակայն, իմ կարծիքով` դա առաջընթացի գրավականն է` հակառակ դեպքում ես չեմ ապրի, եթե իմ մեջ որոշակի դրվագներում չունենամ պայքար, կկարծեմ, որ չեմ ապրում, այլ գոյատեւում եմ, երբ ամեն ինչ սկսում է գոհացնել. ապրել նշանակում է ձգտել ու հասնել` հաճախ հակամարտությունների հաշվին:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում