Հարցազրույց

Արմինե Հովհաննիսյանի երեխաները «մեղադրում» են նրան. մայրը «Օրրան»-ի երեխաներին ավելի շատ է սիրում

7 րոպեի ընթերցում

Արմինե Հովհաննիսյանի երեխաները «մեղադրում» են նրան. մայրը «Օրրան»-ի  երեխաներին ավելի շատ է սիրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեգործությամբ զբաղվելը հեշտ չէ` առավել եւս երբ խոսքը վերաբերում է անորոշ ճակատագրից հարյուրավոր երեխաներ փրկելուն:«Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանն այն բացառիկ հայ կանանցից է, ով կարողացել է ոչ միայն այդ ամենն իրականություն դարձնել, այլեւ ակտիվորեն զբաղվել է հասարակական-մշակութային գործունեությամբ` ունենալով մեծ եւ օրինակելի ընտանիք: Նա ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կինն է, ունի հինգ երեխա: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցազրույցը Արմինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի’ն Հովհաննիսյան, յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետեւում ուժեղ կին է կանգնած: Ձեր ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողություններն ինչքանով եք Ձեզ վերագրում:

Ես միշտ ամուսնուս հաջողությունները վերագրում եմ ինձ, իսկ իմ հաջողությունները` իրեն: Այստեղ պարտադիր չէ, թե մեջքի ետեւում կանգնած է կին թե տղամարդ: Եթե դու ունես կյանքի ուղեկից, ով քեզ միշտ օգնում է, օժանդակում, խորհուրդներ տալիս, ապա այլ կերպ չի կարող լինել: Մենք երկուստեք ուժ ենք տալիս իրար, ուժեղացնում եւ իրարով ուժեղանում:

-Համամի°տ եք արդյոք կանանց տրվող «թույլ սեռի ներկայացուցիչներ» բնորոշմանը:

Եթե հարցը ֆիզիկական ուժի մասին է, ապա ես համաձայն եմ: Այո’, տղամարդկանց մեծ մասը ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է, եւ դա բնության տրվածն է, Աստծո որոշումը, որն անքննելի է: Իսկ եթե հարցը վերաբերում է դժվարությունների հաղթահարմանն աշխատանքում, էմոցիաները կառավարելուն, ապա այստեղ չի կարելի ընդունել այդ բնորոշումը: Կան կանայք, որ շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ:

-Ինչպիսի°ն է Արմինե Հովհաննիսյանը տանը եւ դրսում: Շա°տ է տարբերվում իրարից:

Երկու տեղն էլ շատ «ճղճղան», շատ ձայնավոր, շատ խոսող, երբեմն թափթփված ու անփույթ (ծիծաղում է): Կարող եմ մի բան մի տեղ մոռանալ, մեկը մի տեղ դնել, որովհետեւ ամեն ինչ փորձում եմ արագ անել, եւ նույն վայրկանին մի քանի հարցեր կան գլխումս: Ունեմ երկու կազմակերպություն, մեծ ընտանիք, Րաֆֆիի գործունեությունը, դա իսկապես շատ ուշադրություն եւ ժամանակ է պահանջում: Շատ անգամ ուղղակի ցայտնոտի մեջ եմ ընկնում, որովհետեւ միեւնույն ժամանակ փորձում եմ մի քանի բան անել:

-Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, սակայն շատ հաճախ մասնակցում եք մշակութային միջոցառումների: Ինչպե°ս են այդ երկու ուղղությունները լրացնում իրար:

Մշակույթն է օգնում իմ աշխատանքին եւ ինձ տալիս հոգեւոր սնունդ: Այդ մթնոլորտում է, որ լիարժեք հանգստանում ենք, հարստանում եւ միեւնույն ժամանակ հասկանում, որ մենք այս երկրագնդի վրա այդքան էլ կարեւոր եւ մեծ մարդիկ չենք, եւ որ կան արժեքներ, որ մեզնից շատ ավելի բարձր են: Դա համեստացնում է մեզ:

-Դուք Ձեզ երջանիկ համարու°մ եք:

Այո’, ես երջանիկ եմ, որովհետեւ ունեմ աշխարհում ամենալավ ընտանիքը: Ինձ համար հենց դա է ամենակարեւորը, իսկ աշխատանքի ոլորտում երբեք բավարարված չեմ, որովհետեւ գիտեմ, որ անընդհատ ավելին կարող եմ անել: Դա ինձ արթուն է պահում: Ես պետք է միշտ աշխատեմ ու ձգտեմ ավելիին:

-Անորոշ ճակատագրից փրկել եք հարյուրավոր երեխաների: Որտեղից եք կարողանում գտնել Ձեր մեջ այդ ուժը:

Կարծում եմ, որ իմ մայր լինելը մեծ նշանակություն ունեցավ այս հարցում: Ես հինգ երեխա ունեմ եւ ամեն անգամ, երբ ինչ-որ ընտանիքի կամ երեխայի տեսնում եմ դժվարության մեջ, ինձ հարց եմ տալիս, թե ես ինչպես կվարվեի այդ պարագայում: Դրան էլ ավելացրած, երբ ամուսինդ մղում է այդ աշխատանքին, խրախուսում, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում: Եթե ընտանիքիս անդամներն ավելի պահանջկոտ լինեին, չհասկանային, անպայման դժվարության առաջ կկանգնեի:

-Այնուամենայնիվ, Ձեր երեխաները չե°ն խանդում, որ Ձեր ժամանակը եւ ուշադրությունը կիսում եք «Օրրան»-ի երեխաների հետ:

Այո խանդում են, քանի որ այդ ժամանակը ես գողանում եմ իրենցից: Բայց հիմա, երբ մեծացել են, իրենք են սկսել այստեղ կամավոր աշխատել: Եվ միայն կատակով են ասում, որ ես «Օրրան»-ի երեխաներին ավելի շատ եմ սիրում: Եվ ես միշտ պատասխանում եմ` այո, դուք ճիշտ եք (ծիծաղում է):

-Այժմ տոնվում է Կանանց մեկամսյակը: Այն շա°տ է տարբերվում մնացած օրերից:

Փոփոխությունը զգում եմ ընդհանուր մթնոլորտից`«Օրրան»-ից սկսած միչեւ տուն, որն ինձ համար շատ հաճելի է: Ես սիրում եմ տոները եւ սիրում եմ այս տոնը, երբ ամենուրեք ծաղիկներ են, լայն ժպիտներ,գեղեցիկ հագնվածկանայք, տղամարդիկ ավելի բարեհամբույր:

-Տոնը ենթադրում է նաեւ նվերներ: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը նվերների նկատմամբ:

Նվերներ ստանալ շատ չեմ սիրում: Սիրում եմ նվերներ ստանալ միայն իմ մտերիմներից: Սիրում եմ, որ դրանք լինեն ոչ թե նյութական եւ շատ թանկ, այլ թանկարժեք ինձ համար, երբ մտածված են: Ինձ համար ամենից թանկ նվերը պատրաստվում են իմ երեխաների ձեռքով: Իսկ ամուսնուս նվերները բոլորը սենտիմենտալ են: Նա կարող է ճամփորդությունից վերադառնալիս բերել դաշտի ծաղիկ կամ Ղարաբաղի որեւէ գյուղից մի նուռ, Վանա լճից քար: Դա իրոք հաճելի է:

Շատ եմ սիրում ծաղիկներ նվեր ստանալ, եւ եթե ընտրություն ունեմ լավ կերակուր ուտելու եւ ծաղիկ գնելու միջեւ, անպայման ծաղիկ կգնեմ:

-Որ հատկանիշներն եք ամենից շատ գնահատում հայ կնոջ մեջ:

Ես շատ եմ սիրում, որ հայ կինը միշտ նվիրված է իր ամուսնուն եւ իր ընտանիքին, աշխատասեր է եւ տաղանդավոր: Երբեք մեծամիտ չէ, չի քայլում իր ամուսնու առջեւից, այլ կողքով եւ գուցե ետեւից: Ես հիանում եմ ժամանակակից հայ կնոջ կերպարով, քանի որ նա չնայած բոլոր դժվարություններին, կարողանում է հավասարակշռությունը պահպանել:

-Որն է Ձեր շնորհավորանքի խոսքը:

Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին գտնի հոգու խաղաղություն: Տան մեջ գտնի սեր, անի այն, ինչ իր խիղճն ու հոգին են թելադրում, ոչ թե այն, ինչ պարտադրված է: Սեր եւ խաղաղություն եմ մաղթում բոլորին:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում