Մարզային

Գյումրու շտապ բուժօգնության կայանը համալրվել է բժշկական չոր օդային ախտահանող սարքով

2 րոպեի ընթերցում

Գյումրու շտապ բուժօգնության կայանը համալրվել է բժշկական չոր օդային ախտահանող սարքով

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ը համալրվել է բժշկական չոր օդային ախտահանող սարքով: 275 հազար դրամ արժողությամբ սարքը կայանին նվիրել է «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եւ բարեգործական միջազգային կազմակերպությունը` Գյումրու տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում: Սա կազմակերպության միակ նվերը չէ շտապ բուժօգնության կայանին: Կազմակերպության աջակցությամբ կայանը համալրվել է նաեւ իտալական արտադրության հինգ բուժական պայուսակներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը, սարքն իրոք կայանին անհրաժեշտ էր:

«Անցած տարի կայանում մենք հիմնանորոգեցինք մի սենյակ` հատուկ սարքավորումների հականեխման համար: Դրա համար ունենք անհրաժեշտ PRESEPT հականեխիչ հատուկ նյութը, իսկ լորձաթաղանթի եւ արյան հետ շփվող նյութերը եւ բուժգործիքներն ուղարկվում էին հակաժանտախտային կայան` մանրէազերծման: Այսուհետ այս նոր սարքի օգնությամբ կայանում, հականեխումից բացի կկատարվի, նաեւ բուժսարքավորումների եւ բուժնյութերի մանրէազերծում: Ի դեպ, հականեխիչ սենյակն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով եւ հարմարություններով: Կա նաեւ այդ սենյակում աշխատող հատուկ մասնագետ»,-նշեց Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում