2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվել է. 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ, հաղթել են 55-ը, նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ: Արդյունքներից կազմակերպիչները գոհ են: Մրցույթը ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգեւորությամբ: Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով եւ ասմունքել:
55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային եւ հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երեւանի քաղաքապետարանից որպես պարգեւ netebook է ստացել: Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն եւ հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգեւատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների եւ ուսուցիչների: