Հայ պատանիները հետաքրքրված են ռոբոտների նախագծմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատանիները ներկայացրեցին ռոբոտներ, որոնք ստեղծել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում փետրվարի 10-ից 22-ն անցկացված Թումո Ռոբոտիքս դասընթացի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թումո Ռոբոտիքս դասընթացը վարելու համար Իսպանիայից հրավիրված ռոբոտների նախագծման հատուկ մասնագետ Ջուզեպ Ֆարգասն ասաց, որ դասընթացի շնորհիվ երեխաները հնարավորություն են ունեցել սովորել, թե ինչ է ռոբոտը, ինչպես ծրագրավորել LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով ու կիրառել այն: «Լեգոյի կիրառումը շատ հարմար է, քանի որ կարելի է քանդել ու նորից հավաքել այն»,- նշեց նա:
Ֆարգասի խոսքով` տարբեր երկրներում անցկացվում են նմանատիպ դասընթացներ, սակայն հայ երեխաները մեծ եռանդով ու սիրով են իրականացրել իրենց առջեւ դրված պարտավորությունը` 12 օրվա ընթացքում կատարելով մեկ տարվա աշխատանք:
Մասնակցելու հնարավորություն են ստացել մրցութային հարցերին ճիշտ պատասխանած ու մասնակցության իրենց հիմնավորմամբ ընտրված 12-18 տարեկան 60 պատանիներ: Թիմերի բաժանված մասնակիցները ստեղծել են սեփական ռոբոտին ու իրենց իսկ մտադրությամբ ծրագրավորել այն խմբային աշխատանքում:
Դասընթացը նախատեսված էր միայն Թումո կենտրոնի անդամների համար, ովքեր հետաքրքրված են Ռոբոտիքսով: Գործնական դասերի ընթացքում օգտագործվել են LEGO Mindstorms ռոբոտաշինական սարքերը: