ԱԺ նախագահն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 22-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով, Սամվել Նիկոյանը նշեց, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարեւորեց ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ինտեգրումը եվրոպական քաղաքական ընտանիք: Գործակցության լավ օրինակներից է նաեւ փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի ունենալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ է անցկացվում արտագնա: Սամվել Նիկոյանն ընդգծեց Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ակտիվ եւ կառուցողական գործունեությունը, այն գնահատելով որպես եվրաինտեգրման կարեւոր գործիքներից մեկը: Նա միաժամանակ նշեց, որ ցանկալի չէ, որ այդ կառույցը օգտագործվի որպես տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցերի քննարկման հարթակ: ԱԺ նախագահի խոսքով` առկա են բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, եւ հայկական կողմը պատրաստակամ է բաց քննարկումների ու համագործակցության հետագա խորացման:

Անդրեյ Կովաչեւը, երախտագիտություն հայտնելով ընդունելության եւ աշխույժ համագործակցության համար, գոհունակությամբ նշեց, որ այժմ ընթանում են Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որտեղ արձանագրվել է մեծ առաջընթաց. արդեն քննարկվել եւ ժամանակավոր փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ: Ըստ նրա, շուտով կսկսվեն նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունները: Դրանք գործիքներ են, որոնք կսերտացնեն համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Նրա խոսքով, ԵՄ-ն եւ Եվրոպական խորհրդարանը պատրաստակամ են նաեւ օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին տարածաշրջանային խնդիրներում` կարեւորելով փոխադարձ վստահություն ձեւավորող միջոցառումների իրականացումը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Անդրեյ Կովաչեւը նշեց, որ իրենք ակնկալում են ժողովրդավարական, ազատ եւ անկախ ընտրությունների անցկացում: Նա տեղեկացրեց, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա ընտրություններին:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Սամվել Նիկոյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած մակարդակի համագործակցության, միաժամանակ անընդունելի համարելով երկակի ստանդարտների կիրառումը: ԱԺ նախագահն ընդգծեց առաջիկա ընտրությունները օրենքին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների վճռականությունը, ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ բարձրացված հարցերին: Հանդիպման ժամանակ իրենց տեսակետներն ու մոտեցումները ներկայացրեցին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Հայերեն Русский

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ