Հայտարարվել են արտերկրում սովորելու մի քանի մրցույթներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարել է մրցույթներ 2012-2013 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով է մրցույթը հայտարարված` բացառությամբ բժշկություն եւ արվեստ, բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար 6 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններումհայտարարվել է բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրայի համար մրցույթ: Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայտարարվել է բուհական կրթության 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա 2 հետբուհական:
Ռումինիայի եւ Բուլղարիայի բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության եւ գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին: Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը: