Լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը կողմերը շնորհավորել են միմյանց ընթացիկ տարի հունվարի 26–ին «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լիտվայի Հանրապետության Կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առթիվ: Նրանք փաստել են, որ այն նոր հնարավորություններ ու հորիզոններ կբացի մշակութային երկկողմ համագործակցության համար եւ անդրադարձել են ընթացիկ տարվա խնդիրներին: Նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին մասնավորապես ծանոթացրել է մեր երկրի համար կարեւորագույն` Երեւանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի եւ հայ գրատպության 500-ամյակի ծրագրերին, առաջարկել է մասնակցություն ունենալ այդ առթիվ նախատեսվող տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ` այլ երկրների շարքում հանդես գալ լիտվական տպագիր առաջին գրքերի երեւանյան ցուցադրությամբ:
Դեսպան Գեդրիուս Ապուոկասը շնորհակալություն է հայտնել նախարարին տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար, խոստացել աջակցություն ցուցաբերել եւ ապրիլի 21-ին մեկնարկող ArmBookExpo հայ գրքի ցուցահանդեսին տրամադրել հայերի ու Հայաստանի մասին լիտվերեն հրատարակված գրականություն: Նախարար Հասմիկ Պողոսյանը եւ դեսպան Գեդրիուս Ապուոկասը անդրադարձել են 2012 թ-ի ընթացքում իրականացվելիք այլ ծրագրերի եւս: Դեսպանը տեղեկացրել է, որ լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել եւ խնդրել է այդ հարցում նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը: Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ երեւանյան զբոսայգիներում լիտվական փողային կվինտետի` «Վիլնյուս-բրաս-բենդի» եւ հայկական փողային նվագախմբերի համատեղ բացօթյա համերգների անցկացման վերաբերյալ: Հանդիպման ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փետրվարի 29-ից Հայաստանում մեկնարկելու է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցելու է նաեւ լիտվացի անվանի դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը եւ հրավիրել է ներկա գտնվելու արտիստի ստեղծագործական երեկոյին: