ՀԱՄՀ-ն եւ «ԴԵպի Հայք»-ը կհամագործակցեն սփյուռքահայ երիտասարդներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը փետրվարի 22-ին ստորագրել են հուշագիր` ՀԱՄՀ ծրագրերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապի գրասենյակից, համաձայն հուշագրի, ՀԱՄՀ-ը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանում նրանց արդյունավետ գործունեության համար, իսկ «Դեպի Հայքը» կհոգա երիտասարդների ճամփորդության, կեցության և ընթացիկ ծրագրերի կազմակերպումն ու ծախսերը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատուրյանի հավաստմամբ, «սույն համաձայնագրի կարևորությունը պայմանավորված է հայոց պետականության ամրապնդման, հայապահպանության և զարգացման գործում Հայաստան-Սփյուռք գործակցության դերով ու նշանակությամբ: Մյուս կողմից, համահայկական գիտելիքահեն ցանցի ձևավորման, կայացման ու զարգացման համատեքստում հայկական Սփյուռքի գաղափարական և գիտելիքային ներուժի համախմբումը կարող է ծառայել որպես գիտելիքահեն և մրցունակ ազգային պետության կառուցման և կառուցակարգման երաշխիք»:

Հայերեն