2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կողմը գոհ է «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակներում ծավալած համագործակցության արդյունքներից: Ծրագիրն իրականացվում է 2007թ-ից` Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ:
Ծրագրով Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի եւ Միացյալ Թագավորության «Քրեյվն» քոլեջի համագործակցության շրջանակներում ավելի քան 50 դասախոսներ վերապատրաստվել են Հայաստանում եւ Միացյալ թագավորությունում:
«Համագործակցության ուշադրության կենտրոնում են եղել դասախոսների, ուսանողների եւ սոցիալական գործընկերների ներգրավումը կրթական ոլորտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում նշեց Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով բրիտանական փորձի ուսումնասիրումը, նոր մասնագիտությունների ձեռքբերումը, թե դասախոսների, եւ թե ուսանողների համար բավականին արդյունավետ էր: Վարդանյանը նշեց, որ բրիտանական գործընկերները մեծ ցանկություն ունեին, ոչ միայն այս քոլեջի, այլեւ այլ բուհերի զբոսաշրջություն ուսումնասիրող ուսանողների ներառել փոխանակման ծրագրերում:
«Մենք տպավորված ենք սոցիալական գործընկերների եւ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերից` ծրագիրը արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասաց «Քրեյվն» քոլեջի միջազգային ծրագրերի ղեկավար Դեվիդ Լեյվըլինը: Նրա խոսքով, համագործակցությունը լավ փորձ է` կրթական արդիականացված մոտեցումները համապատասխանեցնելու աշխատաշուկայի արդի պահանջներին:
«Կարեւոր է, որ ուսուցումը լինի նաեւ ուրախ եւ զվարճալի, որպեսզի սովորողները հաճույք ստանան դրանից: Դա տալիս է ավելի շոշափելի արդյունք»,- կարծիք հայտնեց ծրագրերի ղեկավարը: