2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարությունը Մաշտոցի պուրակում ժամանակավորապես դադարեցվել է: Բայանդուր Պողոսյանը, ով դեռ երեկ ութօրյա հացադուլ էր հայտարարել, դադարեցրել է հացադուլը:
Պուրակում հավաքված ցուցարարների շարքում նաեւ մտավորականներ են: Ակտիվիստներն այսօր կազմակերպել էին համերգ, պուրակում տեղադրել «Քաղաքացիական ամբիոն», որտեղ յուրաքանչյուրը կարող էր արտահայտել իր միտքը:
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ բնապահպան-ակտիվիստները ըմբոստանում են Աբովյան փողոցից տեղահանված կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրելուն:
Փետրվարի 21-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ` հանրությանն ուղղված նամակում նշել էր, որքաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից Մաշտոցի այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երեւան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:
«Չնայած հնչած բացասական եւ ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երեւանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է եւ փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարեւոր որոշում որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է»,-նշված էր քաղաքապետի նամակում: