ԱՄՆ-ը վերահաստատել է դիրքորոշումը ԼՂ հարցում. կարգավորման հիմնաքարը երեք սկզբունքներն են
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը` ադրբեջանական «Ազերթաջին» տված հարցազրույցում: «Մենք համանախագահում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբում և մտադիր ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև մթնոլորտի բարելավմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի բանակցային գործընթացի առաջընթացին»,- նշել է Ռուբինը: Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան դիրքորոշման հիմնաքարերն են Հելսինկյան եզրափակիչ ակտը` մասնավորապես նրանում ներառված սկզբունքներից երեքը` տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքորորշումը և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառումը: «Մենք չենք աջակցում որևէ կողմի, այլ ձգտում ենք օգտագործել այնպիսի արտահայտություններ ու ձևակերպումներ, որոնք կողմերի միջև չեն ստեղծի հավելյալ դժվարություններ»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
Անդրադառնալով բանակցային ձևաչափին` Ռուբինը նշել է, որ Մինսկի խումբն այն միակ գործող ձևաչափն է, որ կարող է նպաստել բանակցային գործընթացում որևէ տեղաշարժի: «Այս մասին ես հստակորեն հայտարարել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Անիվ հորինելու կարիք չկա, քանի որ այդ պարագայում կարող ենք կորցնել այն ամենը, ինչի մինչ օրս հասել ենք»,- ասել է Ռուբինը: