ԱՄՆ-ը Ադրբեջանում հեղաշրջում եւ իշխանափոխություն է նախապատրաստում. Ադրբեջանցի քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի կողմից Ադրբեջանում դեսպան նշանակելու գործընթացը հետաձգվելու կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը հայտարարել է, որ տարբեր պատրվակներով Ադրբեջանում դեսպան նշանակելուց ԱՄՆ-ի խուսափելու հետեւում ոչ թե այդ երկրում անցկացվելիք առաջիկա ընտրություններն են, այլ այն, որ պաշտոնական Վաշինգտոնը նպատակադրվել է հեղաշրջում իրագործել Ադրբեջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի քաղաքագետը հայտարարել է ադրբեջանական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում:
«Կառավարելի քաոսի միջոցով ԱՄՆ-ը ծրագրում է հեղաշրջում իրագործել Ադրբեջանում եւ փոխել իշխանությունը: Այդ պատճառով էլ հիմնական նպատակից ուշադրությունը շեղելու համար առայժմ Վաշինգտոնը խուսափում է դեսպան ուղարկել Բաքու` հեղաշրջման մեջ մասնակցության մեղադրանքից ազատվելու համար: Ինչպես տեսնում եք` Ռուսաստան ուղարկված ԱՄՆ դեսպանը, դեռ տեղը չտաքացրած, հանդիպեց երկրի ընդդիմության հետ: Դրանից հետո Վաշինգտոնին մեղադրեցին այն բանում, որ ԱՄՆ դեսպանը հատուկ Մոսկվա է ուղարկվել` Ռուսաստանում հեղաշրջում իրագործելու համար: Ադրբեջան նույնպես դեսպան չի ուղարկվում, որպեսզի պաշտոնական Բաքուն կասկածների մեջ չընկնի եւ կորցնի զգաստությունը», -եզրակացրել է քաղաքագետը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս հաստատել է որոշ երկրներում դեսպանների նոր նշանակումները, որոնց շարքում Ադրբեջանը բացակայում է: