ԵՄ-ն սկսում է Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի համար սահմանված նախապայմանները կատարված են:
Ինչպես «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ԵՄ-ն միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի դրական որոշումն արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում բանակցություններին նախապատրաստվելու ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերին: Բանակցությունների մեկնարկի համար ԵՀ-ի կողմից դրվել էին օրենսդրական փոփոխությունների, օրենսդրության կիրարկման բարելավման և համապատասխան կառույցների հզորացման ուղղությամբ նախապայմաններ արտաքին առևտրին առնչվող մի շարք բնագավառներում:
2011 թվականի ընթացքում Հայաստանը էական և շոշափելի առաջընթաց է գրանցել նշված ոլորտներում պարտավորությունների և ամրագրված գլխավոր առաջնայնությունների կատարման և ավարտին հասցնելու ուղղությամբ:
Իրականացված աշխատանքը և դրա հիման վրա ԵՀ-ին ներկայացված համապարփակ զեկույցը հիմք է հանդիսացել ԵՄ կառույցների համար, որպեսզի կայացվի բանակցությունների մեկնարկի որոշումը:
ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու և ուղղորդելու իր արտահանման կարողությունները և առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:
Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով: