«Մեր Հայրենիք»-ը մրցույթ փառատոնի երկրորդ փուլին մասնակցել է գյումրեցի 739 աշակերտ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի նախաձեռնությամբ, Գյումրու բոլոր դպրոցներում, մեկնարկել է «Մեր Հայրենիք»-ը խորագիտակ մրցույթ փառատոնը: Ծրագիրն անցկացվում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի, «IMTour» տուրիսատական ընկերության եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի համատեղ ուժերով: Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Մրցույթի առաջին փուլը, որը ներդպրոցական էր եւ ներառում էր շարադրություն` «Իմ հայերնիք»-ը թեմայով, ավարտվել է փետրվարի 11-ին, իսկ երկրորդ փուլը կայացել է փետրվարի 19-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քատրուղար Աննա Թադեւոսյանը, երկրորդ փուլին մասնակցել են թվով 39 դպրոցի 739 աշակերտ: Այս փուլում աշակերտների համար կազմվել էին մրցութային հարյուրական հարցեր` թեստային եղանակով: Արդյունքները հայտնի կդառնան այս շաբաթվա ընթացքում:Երկրորդ փուլի արդյունքներով ընտրված 150 երեխա կմեկնի գնացքով ճանաչողական մեկօրյա տուրիստական շրջագայության: Շրջագայության կմեկնեն նաեւ լավագույն ուսուցիչները: Երթուղին կներառի Գյումրի-Այրում երկաթգծին հարող պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Շրջագայության ընթացքում տեղի կունենա մրցույթի ավարտական փուլը: Մրցույթի լավագույն երեխաները կարժանանան արժեքավոր նվերների, իսկ հաղթողը կուղեւորվի շրջագայության Հունաստան: