2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինձ ներկայացվող մեղադրանքը սուտ է»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանի կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տված ցուցմունքի ժամանակ հայտարարեց ՀՀ Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:
«Յուրաքանչյուր կտրոն համարակալված է, յուրաքանչյուր կտրոնի վրա պետք դրված լինի տվյալ կնիքը, այնուհետև ում տրվել է նրա պետ համարանիշի համարը»,- ասաց Օհանյանը:
ՃՈ նախկին պետը ընդգծեց, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի արատավորելու իր անունն ու բարի համբավը:
Մարգար Օհանյանը նաև նշեց, որ իր ընկերներին և բարեկամներին նույնիսկ ազատել են ոստիկանության համակարգից իր տուն գնալու և իր հետ շփվելու համար:
ՃՈ նախկին պետը ասաց, որ իրեն միշտ հարցնում են թե ինչի չի ասում, որ ինքը յուրացումներ է կատարել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, ու ասաց, որ նման բան չի եղել: «Ես չեմ յուրացրել, որ մի հատ էլ ուրիշներին տայի»,- ավելացրեց Օհանյանը:
Մեղադրող կողմի այն հարցին, թե որ մի բարձրաստիճան ոստիկանի հետ է լարվածությունը եղել` Մարգար Օհանյանն ասաց, որ իր հետ խնդիրներ է ունեցել Ալիկ Սարգսյանը, որի մի շարք որոշումների հետ ինքը չի համաձայնվել:
«Հիմա եթե իմ ենթակա աշխատակիցները գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել, բայց ոչ ոք չգտնի սպանվածին, ինձ էլի ենթարկելու եք պատասխանատվությա՞ն։ Երեք հոգի գրել են, որ ես բենզին եմ յուրացրել, բայց չկա ոչ բենզինը, ոչ էլ ապացույցը»,- հռետորական հարց ուղղեց ՃՈ նախկին պետը:
Դատարանն ավելի վաղ մերժել էր Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու մասին վերջինիս փաստաբանի միջնորդությունը:
Հարակից նորություններ
Մարգար Օհանյանի խափանման միջոցը չի փոխվի
Դատարանը քննարկում է Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու հարցը