2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ Հայաստանի համախառն ներքին արդյունքում գրանցվել է 4.4 տոկոս աճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, փետրվարի 20-ին շտապ հավաքագրված տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 71 մլրդ 597.5 մլն դրամ` 2011թ-ի հունվարի համեմատ աճելով 21 տոկոսով: 2012թ-ի առաջին ամսում հանրապետությունում արտադրվել է 764.2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` 2011թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16.9 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվարին կազմել է 15 մլրդ 787.3 մլն դրամ, ինչը 2011-ի համեմատ աճել է 0.1 տոկոսով: 2012թ-ի առաջին ամսում ՀՀ-ում իրականացվել է 8 մլրդ 580.1 մլն դրամի շինարարություն, որը 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5 տոկոսով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 2012թ-ի հունվարին կազմել է 68 մլրդ 275.2 մլն դրամ` 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.7 տոկոսով: Գնաճը հանրապետությունում կազմել է 4.8 տոկոս: 2012թ-ի առաջին ամսում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 113 հազար 52 դրամ, 2011թ-ի հունվարի համեմատ ավելացել է 7.4 տոկոսով: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2012թ-ի առաջին ամսում կազմել է 133.9 մլրդ դրամ, ընդ որում` Հայաստանից կատարվել է 27.7 մլրդ դրամի արտահանում, 106.2 մլրդ դրամի` ներմուծում: 2012թ-ի հունվարին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 387.53: