Արցախ

Բակո Սահակյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում մասնավոապես ասվում է.

«Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

1988 թվականի փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ եւ դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրության ամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:

Մայր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին եւ ձեռնամուխ եղավ անկախ պետականության կերտման բարդ ու դժվարին գործին: Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը եւ մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն:Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն: Մեր անկախության այս նվաճումները պետք է պահպանենք ու ամրապնդենք ամեն օր եւ ամեն ժամ: Դա յուրաքանչյուրիս պարտքն է:

Թանկագին արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս ազատ ու անկախ Արցախի եւ մեր հերոսական ժողովրդի»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում