2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում նոր օդերեւութաբանական կայաններ տեղադրելու խնդիր է առաջացել: Ներկայում մարզի տարածքում գործող 5 կայանները, մասնագետների կարծիքով` շատ քիչ են, քանի որ Սյունիքի եւ բնակլիմայական պայմաններն են բարդ, եւ աշխարհագրական դիրքը: Կապանի, Քաջարանի, Գորիսի, Մեղրիի եւ Սիսիանի օդերեւութաբանական կայաններից բացի, որտեղ աշխատում են յուրաքանչյուր կայանում 5 տեխնիկ, մարզում գործում է նաեւ մեկ հիդրոլոգիական կայան` Որոտանի գետավազանում եւ ունի 3 աշխատակից, այդ թվում` 10 հիդրոլոգիական ջրաչափական դիտակետեր` տարբեր գետերի վրա` յուրաքանչյուր դիտակետում մեկ աշխատակցով: Այստեղ իրականացվում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների, մթնոլորտի եւ մակերեւութային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ: Անցած տարի հոկտեմբերին «Հայպետհիդրոմետ»-ը մարզին տրամադրել է ավտոմատ հողախորքային նոր սարք, որը հեռակառավարվում է վարչության կողմից եւ մինչեւ մեկ մետր խորության վրա որոշում հողի խորքային ջերմաստիճանը: «Մարզում զարգանում է զբոսաշրջությունը, եւ գնալով ավելի է կարեւորվում հիդրոմետ ծառայության դերը: Մինչդեռ Տաթեւում չունենալով կայան` համապատասխան սարքավարումներով, մենք չենք կարող զբոսաշրջիկներին իրազեկել եղանակի տեսության մասին», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻ նախարարության «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության» Սյունիքի մարզում տեղակայված ստորաբաժանման տնօրեն Ժորա Գեւորգյանը եւ հավելեց, որ առաջիկայում նման առաջարկություն կներկայացնեն նախարարությանը` մարզի գյուղական որոշ համայնքներում նոր կայաններ տեղադրելու համար: Կապանի օդերեւութաբանական կայանն ընդգրկված է դիտարկումների պետական հենակետային ցանցում, ինչպես նաեւ ՀՕԿ-ի` համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության, եղանակային տեղեկատվության համակարգում, որտեղ 5 օրվա եղանակի կանխատեսում է ներկայացվում «Աշխարհի քաղաքների կանխատեսումներ» էջում, որից օգտվում են ՀՕԿ-ի անդամ աշխարհի 188 երկրներ: