ՀՀ Նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախությունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար:Այս տարի լրանում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: