Վետերանները սերտորեն համագործակցելու են ոստիկանական ստորաբաժանումների հետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի հաշվետու ժողովը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բարձր գնահատելով համակարգի վետերանների անցած ուղին, նրանց դերը հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում` ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է վետերանների ուժերն օգտագործել նաև այսօր, երբ դրված է ոստիկանության աշխատանքի արմատական փոփոխության և, հատկապես, կառույցի հանդեպ հանրային վստահության ամրապնդման գերխնդիրը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այսուհետ կիրառվելու են Ոստիկանության վետերանի վկայականներ, ինչը ոչ թե խորհրդանշական, այլ իրական, գործառութային փոփոխություն է: Վետերանները սերտորեն համագործակցելու են ոստիկանական ստորաբաժանումների հետ: Խոսքը վերաբերում է հատկապես բուն համայնքներում, բնակչության հետ տարվող աշխատանքին:
Ընդգծելով ոստիկանության գործունեությունը դեպի համայնքներ ուղղորդելու կարևորությունը` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության աշխատանքը պետք է ունենա դաստիարակչական և, ամենակարևորը, կանխարգելիչ բնույթ, և այդ առումով խիստ արժեքավոր կլինեն վետերանների հանդիպումները թաղամասերում, զրույցները բնակիչների հետ, անմիջական բացատրական աշխատանքը քաղաքացիների շրջանում:
Ոստիկանության պետը նշեց, որ վետերանները կարող են և պետք է մասնակցեն նաև օպերատիվ աշխատանքներին` երիտասարդ գործընկերներին օգնելով հարուստ փորձով ու իմացությամբ, իսկ հանցագործությունների բացահայտմանն ակտիվորեն մասնակցողները ոստիկանության ղեկավարության կողմից կարժանանան համարժեք խրախուսանքի: Անդրադառնալով վետերանների սոցիալ-կենցաղային խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերին հրահանգվել է մշտական կապի մեջ լինել վետերանների հետ, մշտապես իրազեկ լինել նրանց կարիքներին և միջոցներ ձեռնարկել բոլոր հրատապ հարցերը լուծելու ուղղությամբ: Ոստիկանության պետը տեղում հանձնարարական տվեց ուսումնասիրելու Հայրենական մեծ պատերազմի վետերան ոստիկանների, Արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված զինակիցների ընտանիքների խնդիրները, և կարճ ժամկետում ծրագիր ներկայացնել` հիմնահարցերը լուծելու ուղղությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց մարտ ամսին հրավիրել վետերանների հաջորդ հավաքը, որի ընթացքում կամփոփվի կատարված աշխատանքն ու կներկայացվի առաջիկա միջոցառումների կոնկրետ ծրագիր: