Հողի հարկի եւ գույքահարկի պարտքերն առաջարկվում է զրոյացնել մինչ նոր ժամկետի սահմանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՏարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվել են հողի հարկի, գույքահարկի ապառքների զրոյացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող հարկային վարչարարության հստակեցմանն առնչվող հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ Ազային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացվել եւ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Խնդրին առավել համապարփակ լուծում տալու նպատակով կառավարության հետ համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ՏԿ նախարարությունը նախագծի վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:

Փոխվարչապետն անդրադառնալով առաջարկությունների հիմնական նպատակներին ու ուղղություններին` պարզաբանել է, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվելու սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը: «Հարցերը պետք է լուծվեն վարչարարության արդյունավետության բարձրացման եւ համայնքների համար բյուջետավարման գործընթացի պարզեցման տեսանկյունից»,-նշել է Գեւորգյանը:

Մասնավորապես` հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը, առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ եւ զրոյացնել մինչ այդ ժամկետը հողի հարկի եւ գույքահարկի մասով գոյացած ապառքները:

Մյուս առաջարկը վերաբերում է արդեն ամրագրված ժամկետից հետո ընկած հատվածի համար հարկային արտոնությունների տրամադրմանը: Փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին հողի հարկի մասով կիրառված արտոնությունները ոչ միայն սոցիալական, այլեւ տնտեսական նշանակություն են ունեցել. մասնավորապես համայնքային բյուջեներ է մուտքագրվել մոտ 3 մլրդ դրամ:

Առաջարկությունների մյուս ուղղությունները վերաբերում են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը եւ համայնքի ղեկավարի պատասխանատվությանը:

Նշվել է, որ առաջարկությունների հիման վրա համատեղ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կմշակվի: Փոխվարչապետը կոլեգիայի անդամներին եւս առաջարկել է մասնակցել այդ աշխատանքներին:

Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հատված հարաբերությունների հստակեցման եւ գործող ընթացակարգերի բարելավման նպատակով կատարված ուսումնասիրությունները: Զեկուցվել է, որ կատարվել է վերլուծություն` ըստ նշված հարաբերությունների բնույթի եւ ոլորտների: Գեւորգյանը հանձնարարել է շարունակել վերլուծությունները եւ ուսումնասիրությունները, բացահայտել ՏԻՄ- գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմները, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածությունը, եւ անհրաժեշտության դեպքում` առաջարկել դրանք պարզեցնելու եղանակներ:

Նիստում ի գիտություն է ընդունվել նաեւ ՀՀ համայնքների 2011 թ. բյուջետային ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ 2011թ. ծախսերը կազմել են 106,6 մլրդ դրամ` 2010թ. համեմատ 6,4 մլրդ դրամով ավելի: Փոխվարչապետն ընդգծել է, որ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղա­քականության ընդհանուր մեթոդաբանու­թյան մշակման հարցը ՏԿՆ 2012թ. գերակայությունների թվում է, եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկություններ պարբերաբար կներկայացվեն կոլեգիայի նիստում: Նա կոլեգիայի անդամներին եւս հորդորել է մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին:

Հայերեն Русский

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ