2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանային անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ փետրվարի 17-ին` ՀՀ ազգային անվտագության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաղդասարյանն ընդգծեց, որ սահմանային անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԱԽ-ի ուշադրության կենտրոնում: «Ռուսաստանի Դաշնության ԱԱԽ քարտուղարի Հայաստան այցելության ժամանակ լուրջ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանի տեխնիկական վերազինման եւ այլ միջոցառումներ իրականացնելու առնչությամբ: Արդյունավետ համագործակում ենք նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ` Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ»,-ասաց Բաղդասարյանը: Նա նշեց, որ սահմանային անվտագության ոլորտում դրական զարգացումներ են նկատվում, եւ աշխատանքները մտել են վճռորոշ փուլ: Նրա խոսքով` լավ արդյունքներ կգրանցվեն Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան հատվածներում` ունենալով միջազգային չափանիշներին համապատասպան սահմանային ենթակառուցվածքներ: Այս զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ ՀՀ պետական սահմանի երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կամրապնդեն ու կբարձրացնեն սահմանային անվտագությունը: