Թումանյանի թբիլիսյան բնակարանի թնջուկի հանգուցալուծումը որոշներին հանգիստ չի տալիս: Համայնքը ողջունում է, որոշները` շահարկում
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի հայերի միությունը փետրվարի 16-ի առավոտյան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքն իրականացվել է առանց Վրաստանի հայ համայնքի որոշումը հաշվի առնելու եւ կրել է սպեկուլյատիվ բնույթ: Վիրահայության պատասխանատուների համար բավական զարմանալի էր, թե ինչու է Թբիլիսիի հայերի միության այսպես կոչված նախագահ Միխայիլ Թադեւոսովը խոսում ամբողջ Վրաստանի համայնքի անունից, երբ իր միությունն ընդամենը 2-3 անդամ ունի:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն առաջին հերթին ողջունում է ՀՀ իշխանությունների եւ ՀԳՄ-ի արագ արձագանքը այս խնդրի լուծման գործում: «Ես մեր հավատացյալների անունից ուզում եմ ողջունել եւ երախտագիտություն հայտնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով հանձն է առել իր հարազատների հետ միասին գնել բնակարանը»,- նշեց նա: Անդադառնալով այն հարցին, թե ինչ գործունեություն է այսօր Վրաստանում ծավալում Թբիլիսիի հայերի միությունը, թեմի առաջնորդը նշեց, որ ինքը չգիտի նման կազմակերպություն: Նրա խոսքով` Թբիլիսիում գործում են հիսունից ավելի հայկական կազմակերպություններ տարբեր անուններով, սակայն դրանցից շատ քչերն են արտահայտում իրենց անվան բովանդակությունը: «Կազմակերպություններ կան, որոնք մեկ-երկու անդամ միայն ունեն: Այնպես, որ Թբիլիսիի հայերի միություն հասկացությունը չպետք է շփոթել այն մեծ կառույցների հետ, որոնք գործում են աշխարհի տարբեր կողմերում»,- նշեց նա:
Այն հանգամանքը, որ ընդամենը երեք հոգով հնարավոր է նմանատիպ կազմակերպություն բացել հաստատեց նաեւ Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանը: «Միխայիլ Թադեւոսովը վերջին տասնհինգ տարիների ընթացքում գրեթե չի ապրել Թբիլիսիում եւ հայ համայնքի հետ որեւէ կապ չունի: Միությունը երեք-չորս անդամից է բաղկացած եւ ոչ ավելի: Նա հայ համայնքի հավաքական անունից խոսելու ոչ մի իրավունք չունի»,- ասաց Գենա Մուրադյանը:
«Արմենպրես»-ը զրուցեց նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հետ, ով, մեկնաբանելով Թադեւոսովի տարածած հայտարարությունը, նշեց, որ այն նախ եւ առաջ վկայում է Թադեւոսովի «անսահման սիրո» մասին Թումանյանի եւ նրա մասունքների հանդեպ: «Ցավոք, սիրո ավելցուկից ոչինչ չի ծնվում: Ինչպես տասը տարի առաջ, այնպես էլ հիմա Թադեւոսովի ջանքերը` Թումանյանի թբիլսիյան բնակարանը հայկական օջախ վերածելու, շարունակում են անպտուղ մնալ»,- ասաց Լեւոն Անանյանը:
Խտրականություն չդնելով բնորոշումների մեջ` հոգեբանության դոկտորը (այդ հանգամանքը եւս կասկածի տակ է) կուրծք է ծեծում եւ բղավում այն մասին, թե իբր կատարվել է շահադիտական գործարք, եւ հայկական պատվիրակությունը շրջանցել է իր կարեւոր ներկայությունը: Լեւոն Անանյանը հիշեցրեց, որ իրենց` առաջին անգամ Վրաստան մեկնման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավայի հետ նույն թաղամասում գնել համարժեք բնակարան, իսկ հեռակայել Երեւանից Թբիլիսի բնակարանի գնման համար անհնար է, ուստի ՀԳՄ նախագահը արտոնել էր Թադեւոսովին գտնել այդ բնակարանը: «Որոշ ժամանակ անց Թադեւոսովն առաջարկել է իր նախկին, թե ներկա ընկերոջ բնակարանը` 130 հազար ԱՄՆ դոլարով, եւ սեփականատերը մերժել էր այն` ասելով, որ տունը համարժեք չէ, քանի որ այն վթարային է»,- ներկայացրեց Լեւոն Անանյանը` հավելելով, որ դրանից հետո հայկական կողմը զրուցել է Լեժավայի հետ, որն էլ իր սեփականությունը գնահատել է 145 հազար ԱՄՆ դոլարը:
Լեւոն Անանյանը նշեց, որ ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել ամենայն հայոց բանաստեղծին: «Թումանյանի տունը պետք է դառնա հայկական գործուն մշակութային օջախ եւ կրի մեծ բանաստեղծի անունը»,- նշեց ՀԳՄ նախագահը: Նա նշել է, որ սա գործընթացի առաջին փուլն է, և թե արդյունքում մշակութային ինչ ուղղվածությամբ կօգտագործվի Թումանյանի բնակարանը, հայտնի կլինի մոտ ապագայում:
«Արմենպրես»-ը նաեւ զրուցեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի հետ, որն էլ հավաստիացրեց, որ Թադեւոսովը միշտ խաբել է հասարակությանը, թե ինքը Թբիլիսիի հայերի միության նախագահն է: «1997 թվականից Վրաստանի կանոնադրությամբ բոլոր ընկերությունները դարձել են միություններ եւ միության ղեկավարը կոչվում է ներկայացուցիչ, ոչ թե նախագահ»,- նշեց Բայբուրդը:
Թադեւոսովը ներկայանում է որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի գերագույն կոմիտեի անդամ այն դեպքում, երբ այդպիսի կոմիտե պարզապես գոյություն չունի:
Բայբուրդը նաեւ հավելեց, որ Թադեւոսովը խոսում է հայ-վրացական հարաբերությունների մասին եւ ցանկանում է սեպ խրել այդտեղ:
«Արմենպրես»-ը ամբողջական պատկերացում կազմելու համար դիմեց նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանին, ով, Լեւոն Անանյանի հավաստմամբ, գործուն մասնակցություն է ունենում գործընթացում: Դեսպանը նշեց, որ կասի, թե ով ով է գործարքի կնքումից անմիջապես հետո: