Մարզային

Սիսիան-Մոնտելիմար բարեկամությունն այլեւս իրողություն է

2 րոպեի ընթերցում

Սիսիան-Մոնտելիմար բարեկամությունն այլեւս իրողություն է

ՍԻՍԻԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարեվերջը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համար նշանավորվեց Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի հետ բարեկամության հուշագրի կնքմամբ: Մոնտելիմարը դարձավ Սիսիանի համար թվով երրորդ քույր-քաղաքը, իսկ Մոնտելիմարի համար Սիսիանը 7-րդն է` ԱՄՆ-ի Ռասին, Գերմանիայի Ռավերսբուրգ, Իտալիայի Ռիվոլի, Մեծ Բրիտանիայի Աբերդեո, Թունիսի Նուրոզ, Իսպանիայի Մոլետ քաղաքներից հետո: Հուշագիրը կնքվել է դեկտեմբերի 22-ին Մոնտելիմարում, ուր քաղաքապետարանի հրավերով 8-օրյա ճանաչողական այցով մեկնել էր Սիսիանի քաղաքապետի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը:»Եկող ամռանը` հուլիսին, սպասում ենք Մոնտելիմարի քաղաքապետ Ֆրանկ Ռեյների գլխավորությամբ ֆրանսիական պատվիրակության փոխադարձ այցը Սիսիան: Առաջարկել եմ, որպեսզի պատվիրակության կազմում լինեն նաեւ Մոնտելիմարի մյուս 6 քույր-քաղաքների քաղաքապետերը, որպեսզի ստեղծենք մեկ ասոցիացիա», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Հայկական եւ ֆրանսիական քաղաքների միջեւ բարեկամության հիմքերը դրվել են 2011-ի ամռանը, երբ հայրենիքի հետ կապերը սերտացնելու նպատակով «Հայկական մշակույթ եւ պատմական հիշողություն» կազմակերպության պատվիրակները Հայաստան կատարած այցի շրջանակներում երկօրյա այցով եղան Սիսիանում: Նրանք էլ Մոնտելիմարի քաղաքապետին ներկայացրել են Սիսիանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու առաջարկը, որն էլ միաձայն հավանության է արժանացել Մոնտելիմարի 36 հոգանոց ավագանու կողմից: «Առայժմ նախատեսում ենք համագործակցություն մշակույթի եւ կրթության ոլորտներում: Հուսով եմ, այն արդյունավետ կլինի թե Սիսիանի, եւ թե Մոնտելիմարի համար», - հավաստիացնում է Սիսիանի քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում