Մանկական քաղցկեղը դատավճիռ չէ

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի, այդ թվում մանկական քաղցկեղի դեմ պայքարը չի սահմանափակվում մեկ օրով, այն ոլորտի ներկայացուցիչների հետեւողական եւ շարունակական աշխատանքի արդյունք է: Մի շարք միջազգային եւ տեղական կազմակերպություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում համախմբում են ուժերը հատկապես փետրվարի 15-ին` մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: 1994 թ-ից սկսած Երեւանում Ֆանարջանի անվան Ուռուցքաբանության ազգայի կենտրոնում գործում է Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքը, որտեղ բուժում են ստանում «քաղցկեղ» ախտորոշմամբ երեխաներ հանրապետությունից եւ մարզերից: Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց բաժանմունքի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան, որքանո՞վ է ակտիվ Հայաստանի մասնակցությունը քաղցկեղի դեմ պայքարող միջազգային կազմակերպություններին անդամակցելու գործում, եւ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում այդ անդամակցության շրջանակներում:

-Այդ կազմակերպություններից առաջինը «Սիոփ»-ն է, որը բժշկական մասնագիտական համաշխարհային միություն է, այն ամեն տարի տարբեր երկրներում կազմակերպում է գիտաժողովներ, համաժողովներ, վերապատրաստում մասնագետներ: 1994-ից մենք անդամակցում ենք այս կազմակերպությանը: Երկրորդ խոշոր կազմակերպությունը «Այ սի սի փիո»-ն է, որը միավորում է տարբեր ընկերություններ եւ բարեգործական ասոցիացիաներ: 93-ից մենք ստեղծել ենք հասարակական կազմակերպություն, որը այժմ կոչվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամներ»: Վերոնշյալ կազմակերպությունների հետ համագործակցությունը առաջին հերթին նպաստում է փորձի, տեղեկատվության փոխանակմանը: Այսօր այդ կազմակերպությունների դերը փոխվել է եւ Հայաստանում գործում է նաեւ «Կյանք» հիմնադրամը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահը Հայաստանի առաջին տիկինն է: Եվ հատկապես վերջին մեկ տարում հիմնադրամը կարողանում է գտնել ֆինանսներ հիվանդ երեխաների համար, օգնությունը ոչ միայն դեղորայքային է, այլեւ հոգում է այլ բուժման ծախսեր: Պետք է նշեմ, որ այժմ գլոբալ ծրագիր է հաստատվել, Առաջին տիկնոջ, ինչպես նաեւ Առողջապահության նախարարի ջանքերով Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ` նախատեսվում է սկսել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության նոր կենտրոնի շինանարարությունը:

-Կարծում եք` նոր կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա՞ բարելավելու քաղցկեղի բուժման որակը:

-Այո, միանշանակ: Պայմանները շատ կարեւոր են քաղցկեղի բուժման գործընթացքում: Երեխաները շաբաթներ են անց կացնում հիվանդանոցում: Քիմիաթերապիա ստացող երեխան շատ զգայուն է ցանկացած ինֆեկցիաների հանդեպ, այդ պատճառով ամեն ինչ պետք է լինի շատ ստերիլ: Պետք է լինեն հատուկ սարքավորումներ, որոնք կապահովեն այդ ստերիլ օդը: Անհրաժեշտ է ինտեսնսիվ թերապիայի բաժանմունք, վիրահատական բլոկ: Մեր կենտրոնում ստեղծված են այդ բոլոր հրաշալի պայմանները, սակայն պետք է նաեւ լինի առանձին մանկական վերակենդանացման բաժանմունք, վիրահատարան:

-Որո՞նք են Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտի հիմնական խնդիրները:

- Խնդիրները շատ են, նրանց մեծը մասը լուծվող են: Առաջին հերթին քիմիաթերապիայի պարագայում դեղորայքի խնդիրն է առկա: Մենք ունենք բազային դեղորայք, սակայն հարկավոր է լինում ավելի հզոր դեղորայք, որը Հայաստանում դեռ գրանցված չէ, եւ առաջանում են այդ դեղորայքը ստանալու խնդիրներ: Շատ կարեւոր է նաեւ փոխպատվաստման բաժանմունքի առկայությունը, որը նախատեսվում է ապագա կենտրոնում: Ստացվում է, որ եթե երեխային պետք է բարձր դոզավորված քիմիաթերապիա ստանա, ապա մենք չունենք այդ փոխպատվաստման մեխանիզմը, որպեսզի երեխային հանենք այդ ծանր վիճակից:

Այսինք, եթե տվյալ երեխային չկարողացան տեղափոխել այն երկիր, որտեղ իրականացվում է այդ փոխպատվաստումը, ապա մենք կկորցնենք նրան:

-Մեծահասակների քաղցկեղի համեմատությամբ, ի՞նչ տարբերություններ ունի մանկական քաղցկեղը եւ ի՞նչ առանձնահատկություններ` մանկական քաղցկեղի բուժումը:

-Մանկական քաղցկեղը ավելի լավ է բուժվում: Իրականում ոչ թե ավելի հեշտ է բուժել, հակառակը դժվար է, պարզապես եթե մեծահասակների մոտ նախնական` առաջին փուլում է օրինակ կրծքագեղձի քաղցկեղը, ապա ռադիկալ վիրահատությունը բավական է որպեսզի հիվանդը ապաքինվի: Երեխաները քիմիաթերապիա ստանում են ամեն դեպքում, բայց արդյունավետությունը ավելի շատ է, քանի որ մանկական ուռուցքները` չարորակ նորագոյացությունները ավելի զգայուն են քիմիաթերապիայի եւ անգամ ճառագայթային բուժման նկատմամբ, դա ամենակարեւոր առանձնահատկությունն է: Ամեն ինչ, այդ թվում` հիվանդի ապաքինումը, կատարվում է շատ արագ: Եթե մեծահասակների մոտ կան վիզուալ` տեսողական ուռուքցների շարք, մանկական ուռուցքները գտնվում են մարմնի ավելի խորը հատվածներում` որովայնի մեջ, ուղեղում, այլուր: Մեծամասամբ հայտնաբերվում են հանկարծակի, քանի որ երեխան չի կարող մանրամասն շոշափել եւ նկատել ուռուցքը սկզբնական փուլում, այդ պատճառով ախտորոշումը բավականին դժվար գործընթաց է:

-Բազմիցս նշվել է, որ քաղցկեղի նախնական հայտնաբերման գործում կարեւոր է նաեւ հասարակության սոցիալական զարգացվածության մակարդակը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

-Իրականում շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Այս պարագայում կարեւոր է, որպեսզի հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրանա: Մեր երկրում այդ աշխատանքն իրականացվում է, գուցե ոչ բավարար, բայց իրականացվում է: Օրինակ, դիտարկելով ամերիկյան օրինակներ, կարող ենք փաստել, որ այնտեղ հեռուստատեսությամբ օրական չորս-հինգ անգամ տարբեր ծրագրերով խոսվում է քաղցկեղի շուտ հայտնաբերման մասին: Հաճախ է պատահում, երբ օրինակ մեծահասակները հայտաբերում են ուռուցքը, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու տարի չեն դիմում բժիշկի, երբ հարցնում ես, թե ինչու են այդպես վարվել, ապա նրանք չեն կարողնում հստակ բացատրել: Ոմանք վախենում են ախտորոշումից, կամ մեկ այլ բանից, բայց եթե վերջիններս իրազեկ լինեն, որ նախնական փուլում հայտնաբերված քաղցկեղը շատ ավելի հեշտ է բուժել, ավելի քիչ կլինեն չարչաչանքները, ապա գուցե ավելի վաղ դիմեն բժիշկի: Երեխաների պարագայում շատ հազվադեպ է, որ ուռուցքի հայտնաբերման դեպքում անգամ սոցիալական ծանր պայմանների դեպքում ծնողը նկատի եւ չդիմի բժիշկի: Այս գործընթացը երեխաների դեպքում շատ ավելի արագ է իրականանում:

-Մանկական քաղցկեղի ո՞ր տեսակն է գերակշռում Հայաստանում:

- Ամենից հախաճ հանդիպող քաղցկեղի տեսակը երեխաների մոտ արյան քաղցկեղն է` լեյկիմիան, մոտ 30-40 տոկոսն է կազմում չարորակ ուռուցքների: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետեւ, որքան էլ զարմանալի թվա, գլխուղեղի ուռուցքն է` մոտ 15-17 տոկոս դեպքերում, ապա, ըստ հաճախականության, երիկամի, փափուկ հյուսվածքների, ոսկրերի քաղցկեղն է: Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբերություն կա նաեւ ուռուցքների եւ բուժման մեթոդիկայի միջեւ:

-Վիճակագրությունը հավաստի փաստ է: Եթե համեմատականներ տանենք նախորդ տարիների հետ, ապա մանկական քաղցկեղի աճ է գրանցվում, թե՞ նվազում:

-Աշխարհի տվյալներով նկատվում է աճ, բայց Հայսատանում վերջին տասը տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիճակը այս ուղղությամբ մեզ մոտ կայուն է, էական տեղաշարժեր, փոփոխություններ նկատելի չեն: Տարեկան գրանցվում է մոտ 90-100 առաջին անգամ ախտորոշված քաղցկեղի դեպք:

-Հաճախ քաղցկեղը այդ թվում մանկական քաղցկեղը, այսպես թե այնպես ընկալվում է որպես դատավճիռ: Սակայն նշեցիք, որ վաղ հայտնաբերման դեպքում մանկական քաղցկեղը մեծամասամբ բուժելի է: Ի՞նչ կասեք նրանց, ովքեր գուցե հիվանդության վերջնական հաղթահարման համար չունեն համապատասխան համառություն եւ համբերություն:

Երեխայի եւ մեծերի դեպքում իսկապես տարբերությունը մեծ է, երեխայի դեպքում հիվանդության հաղթահարումը ծնողի ձեռքերում է: Գրեթե մեծամասամբ ծնողն է երեխայի բուժման որոշումը կայացնում: Իհարկե, շատ հազվադեպ, բայց մեր պրակտիկայում եղել են դեպքեր երբ ծնողը հրաժարվել է երեխայի բուժումից, հրաժարվել է հավատալ, որ երեխան ունի հնարավորություն փրկվելու:

Ուրախալի է, որ մեծ մասամբ ծնողները մեզ հետ միասին նախընտրում են պայքարել: Մեծահասակների մոտ փոքր ինչ այլ է, լինում են տարբեր իրավիճակներ, սակայն պետք է նշեմ, որ երեխաների դեպքում անգամ հեռու շրջաններից, Լեռնային Ղարաբաղից հիվանդները գալիս են, պարտաճանաչ կերպով նշանակված օրը անցնում բոլոր անհրաժեշտ փուլերը: Եվ լավ է եւ վատ, բայց մանկական հասակում ամեն ինչ շատ արագ է կատարվում` կայծակնային ձեւով: Մեծերի դեպքում ռիսկի` հիվանդության կրկնվելու շրջանը համարվում է հինգ տարի, փոքրերի դեպում` երկու:

-Տարեկան կտրվածքով ո՞րքան երեխա է բուժում ստանում ձեր կենտրոնում:

Այժմ երեխաների քանակը 60-80 է: Իսկ ընդհանուր բաժնում տարեկան բուժում է ստանում մոտ 200-250 երեխա:

-Կարելի՞ է ասել, որ Ձեր նշած ռիսկային երկու տարիների հաղթահարումից հետո քաղցկեղ ախտորոշում ունեցող երեխան կարող է ապրել լիարժեք կյանքով, լիովին ապաքինվել:

-Կան տղաներ, որոնք մանկական տարիքում քաղցկեղ են ունեցել, այժմ զինակոչային տարիքի են եւ լիովին առողջ: Անգամ մենք չունենք պատճառ, հիմք նրանց զինծառայությունից ազատելու, եթե իհարկե չի կատարվել որեւէ բարդ վիրահատություն: Եթե անցել են տասնյակ տարիներ, ապա որեւէ հարց նրանց ապաքինված լինելու մեջ լինել չի կարող:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Հայերեն

Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան

Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ