Անչափահաս դատապարտյալները մինչ պատժի կրման ավարտն անջատ կպահվեն չափահասներից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կքննարկի «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ուղղված անչափահաս դատապարտյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գործադիրի պաշտոնական կայքէջը, այս հարցն ընդգրկված է կառավարության` փետրվարի 16-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ անչափահաս դատապարտյալներն անջատ պահվեն չափահաս դատապարտյալներից, որը կբացառի չափահասների կողմից անչափահասների վրա բացասական ազդեցությունը: Բացի այդ, 14-ից 18 տարեկան անչափահասների տարիքային խումբն ունի հոգեբանական և ֆիզիոլոգիական այլ առանձնահատկություններ, քան 18-ից բարձր տարեկանների տարիքային խումբը, որը կարող է ազդել նրանց փոխհարաբերությունների վրա: Նշված խմբերի անջատ պահելը անհրաժեշտ է նաև նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների արդյունավետ իրականացման առումով:
Օրենսգրքի 109-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի 14-ից 18 տարեկան հասակում հանցագործություն կատարած անչափահասներն իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրեն միևնույն քրեակատարողական հիմնարկում մինչև նշանակված պատժի վերջը, և նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները չընդհատվեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելիս, այլ շարունակվեն այդպիսի աշխատանքների կատարումը միևնույն աշխատակիցների կողմից, որոնք արդեն կունենան այդպիսի դատապարտյալների հետ աշխատելու որոշակի պրակտիկա, ինչն ավելի արդյունավետ կլինի պատժի նպատակներն իրականացնելու առումով:
Նշվում է, որ ներկայում որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը: Սա հնարավորություն չի տալիս հանցագործություն կատարած անչափահասներին իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում մինչև նշանակված պատժի վերջը, և նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները ընդհատվում են այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելիս: