Օբաման առաջարկել է կրճատել հաջորդ տարվա տնտեսական օգնությունը Հայաստանին
3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել 19 տոկոսով նվազեցնել տնտեսական օգնությունը Հայաստանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Նախագահը 2013 թ-ի ֆինանսական տարվա պետական բյուջեի համար առաջարկել է Հայաստանին հատկացնել 27 միլիոն 219 հազար դոլար: Օբաման հաջորդ տարվա ֆինանսական ծրագրում չի ընդգրկել 2824 000 դոլար` միջազգային թմրադեղերի հսկողության եւ իրավապահ օժանդակության ու 2500 000 դոլար` գլոբալ առողջապահական ծրագրերի համար: Այս երկու կետերը նախկինում ներառված են եղել Տնտեսական աջակցության հիմնադրամում:
«Մենք տխուր ենք, բայց ոչ զարմացած, որ նախագահ Օբաման կրկին ձգտում է կրճատել տնտեսկան օգնությունը Հայաստանին: Նրա վարչակազմը առաջարկել է կրճատել Հայսատանին հատկացվող օգնությունը, որի մեջ մտնում է 2012 թ-ի տնտեսական հատկացումների 19 տոկոս կրճատումը` հաշվի չառնելով թուրքական եւ ադրբեջանական շրջափակման տնտեսության համար ավերիչ ազդեցությունը եւ հետեւանքները, ինչպես նաեւ Երեւանի աջակցությունը Աֆղանստանում, Իրաքում եւ Կոսովոյում ԱՄՆ առաքելությանը, այդ թվում նաեւ տարածաշրջանային նախաձեռնությունների համագործակցությունը Վաշինգտոնում` ներառյալ հայ-թուրքական արձանագրությունները»,-նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա ընդգծել է, որ ցավոք նախագահ Օբաման ոչ պահպանում է Հայսատանին աջակցելու իր հանձնառությունը եւ ոչ էլ որոշակի քայլեր է նախաձեռնում` խթանելու Հայաստանի տնտեսական աճը ընդլայնված առեւտրի զարգացման միջոցով: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը` վարչակազմի առաջարկած բյուջեն պահպանում է հավասարությունը «Արտաքին ռազմական ֆինանսավորման» (FMF) եւ «Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման» (IMET) հարցում Հայսատանի եւ Ադրբեջանի միջեւ: Կտրամադրվի 2.7միլիոն դոլար FMF-ի շրջանակում եւ $600,000 դոլար IMET-ի շրջանակում:
Վարչակազմի բյուջեն հատկացումներ չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի համար:
Իր նախընտրական քարոզարշավների ժամանակ սենատոր Օբաման մի քանի անգամ գրավոր խոստացել է պահպանել օգնությունը Հայստանին եւ ընդլայնել առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: