1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դիվանագետին` նախարարն անդրադարձել է հայ-ուկրաինական մշակութային սերտ կապերին, ինչը նաեւ ամուր երաշխիք է հետագա համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 21-28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվելիք Ուկրաինայի մշակույթի օրերի ձեւաչափը:
Մասնավորապես խոսվել է Ուկրաինայի նկարիչների ցուցահանդեսի եւ գալա համերգի մանրամասների մասին, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակույթի օրերի շրջանակում իրականացնել Հայաստանին նվիրված ուկրաինական «Всесвит» ամսագրի շնորհանդեսը:
Այնուհետեւ, նախարար Հասմիկ Պողոսյանը զրուցակցին տեղեկացրել է ապրիլի 21- 23-ը «Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի եւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների մասին եւ հրավիրել ուկրաինական պատվիրակությանը մասնակցելու Հայաստանի համար կարեւորագույն այս երկու խոշոր հանդիսություններին: