ՀՀ ցամաքային սահմանով երրորդ երկիր մեկնող օտարերկրացիները այլեւս ուղետոմս չեն ներկայացնի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք ունեցող օտարերկրացիները նախկին 90 օրվա փոխարեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են գտնվել մինչև 180 օր:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվությյան վարչությունից, ոստիկանությունում 2010-2011թթ. իրականացված բարեփոխումների շրջանակներում 2011 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 19-ից:Օրենքի ընդունման արդյունքում արտոնություն է սահմանվել այն պետությունների ազգությամբ հայ քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող էին դիմել միայն հրավերի հիման վրա՝ oտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ կամ հյուպատոuական հիմնարկներ. այդ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներն այսուհետ կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում՝ առանց հրավերի:
Հստակեցվել են նաև անվավեր փաստաթղթերով ՀՀ-ում բնակվելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները. այս դեպքում, օտարերկրացին առանց վավերական անձնագրի և Հայաստանում իր բնակությունը հավաստող վավերական փաստաթղթերի կարող է Հայաստանից մեկնել համապատասխան տուգանքը վճարելու փաստը հավաստող անդորրագիրը ՀՀ սահմանային հսկողության մարմին ներկայացնելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր մեկնող օտարերկրացիներին տարանցիկ վիզա տրամադրելու համար վերացել է ուղետոմս ներկայացնելու պահանջը: