Դատական բարեփոխումները կհանգեցնեն հանրային վստահության բարձրացմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012-2016 թվականներին դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումների հիմնական նպատակը դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Ցանկացած պետության գլխավոր հենասյունները երկուսն են` ազգային անվտանգության ու դատաիրավական համակարգերը և դրանց վիճակից է առաջին հերթին կախված պետության բարեկեցությունը»,- ավելացրեց նախարարը:
Անկախ այն բոլոր ձեռքբերումներից, որ դատաիրավական համակարգում ունենք, նախարարը նշեց, որ բարեփոխումների անհրաժեշտություն դեռ մնացել է: Հենց այդ պատճառով էլ Ազգային Ժողովին ներկայացված ծրագիրը ներառում է մի շարք մեխանիզմներ ու խնդիրների լուծումներ, որոնք նաև հիմնված են միջազգային փորձի վրա:
Թովմասյանի խոսքով՝ թերևս առաջին անգամ բարեփոխումների մեջ կներառվեն այն ոլորտները, որոնք ուղղակիորեն առնչվում են հանրության շահերի սպասարկմանը` քրեակատարողական համակարգը, նոտարիատը և հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնք նախկինում կարծես դուրս էին մնացել բարեփոխումների տրամաբանությունից:
Առաջնային նպատակներից են նաև քրեական արդարադատության և քրեական պատիժների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև անկախ և հաշվետու դատական համակարգի ապահովումը: