ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը պարտադիր է նաեւ հաջորդ տարի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոնարձագանքել է շրջանառվող լուրերին այն մասին, որ2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլևս պարտադիր չէ, և ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բյուրոյի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոնհիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է: ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50 հազար ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ: Առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 հազար դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 հազար դրամ է:
Ըստ այդմ` բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:
Հիշեցնենք, որ`Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և իր փաստացի գործունեությունը սկսել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից: Բյուրոյին ներկայումս անդամակցում են թվով ութ ապահովագրական ընկերություններ: