2 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Անկարայից ավելի շատ Բաքվում են զայրացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԺ-ում հայկական օրինագծի ընդունման փաստը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւը հայտարարել է, թե «որոշ եվրոպացի պատգամավորներ վերածվում են գործիքի` որոշակի շրջանակների ձեռքում»:
Թուրքերի «փոքր եղբայր» սույն չինովնիկը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե «եթե Ֆրանսիան այդքան սկզբունքային է որոշակի հարցերի նկատմամբ, ապա որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է քննարկի Խոջալուի դեպքերը»:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան հաստատապես կորցրել է մտքի պայծառությունը` խառնելով պատմական իրողությունը ադրբեջանական Ժողովրդական ճակատ կուսակցության կողմից 1992 թ-ին սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած սպանդի հետ, ինչը հաստատել են Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը եւ լրագրող, «Գյունդալիք Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը:
Խոջալուի դեպքերի` ադրբեջանցիների կողմից իրագործված լինելու մասին խոստովանության համար Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը վտարվել է երկրից, իսկ Ֆաթուլլաեւը նետվել բանտ, եւ երեք տարի հետո միայն ազատ արձակվել` Ադրբեջանի իշխանության վրա միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ճնշումների ներքո: