2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի միջազգային օրենքներով եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանը:
«Մենք ցանկանում ենք, որ աշխարհի գերտերությունները եւ երկրները ջանք չխնայեն Լեռնային Ղարաբաղի, Պաղեստինի եւ նման այլ հարցերը կարգավորելու համար, որպեսզի խաղաղություն տիրի աշխարհում»,- նշեց Սուլեյմանը:
Անդրադառնալով այն մտահոգությանը, որ Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտապես բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը` դրան փորձելով կրոնական երանգ հաղորդել` Լիբանանի նախագահը շեշտեց, որ այդ հարցը քննարկել է Նախագահ Սարգսյանի հետ: «Իրոք, հաճախ այդ հարցն առաջանում է Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում, եւ Լիբանանի դիրքորոշումը հետեւյալն է` մենք միշտ դեմ ենք կանգնել, որ այդ կազմակերպությունն ընդունի մի որոշում, որը քննադատության կենթարկի Հայաստանին կամ Ղարաբաղին»,- ընդգծեց Լիբանանի նախագահը:
Նա նաեւ շեշտեց, որ Մինսկի խումբը կամ կրոնապետերի ժողովները, կամ այլ ձեւաչափեր պետք է ջանք չխնայեն հակամարտությունները կարգավորելու համար: «Եթե կարողանան վերացնել այս բաժանարար գծերը, ապա հաղթահարած կլինենք նաեւ ահաբեկչական վտանգը»,- ասաց Սուլեյմանը: