3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությամբ ծրագրվում է 2015 թվականին արտահանման ծավալները ներկայի 1,7 մլրդ դոլարի փոխարեն հասցնել 3,5 մլրդի, իսկ 2020-ին՝ 5-6 մլրդ դոլարի: Այս մասին դոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման ռազմավարությունը հանրությանը կներկայացվի Հանրապետական կուսակցության տնտեսական սեմինարում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ ռազմավարությունը մշակվել է Կառավարության, Համաշախարհային բանկի, միջազգային կազմակերպությունների, փորձագետների եւ մասնավոր հատվածի համագործակցությամբ: Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր' կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն:
Սեմինարում դեռեւս մանրամասն կներկայացվի երեք ճյուղերի' կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերը, որոնք մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: «Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում եւս կքննարկվեն զարգացման եւ արտահանման հստակ ծրագրերը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ներկայում երկրի արտահանման ծավալները բավարար մակարդակի վրա չեն, եւ ռազմավարության նպատակն է կտրուկ ավելացնել այդ ծավալները: «Ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության եւ արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը»,- նշեց Տիգրան Դավթյանը:
Էկոնոմիկայի նախարարն ավելացրեց նաեւ, որ ռազմավարությունը կհանդիսանա Հանրապետական կուսակցության նախընտրական տնտեսական ծրագրի կարեւոր բաղկացուցիչներից մեկը:
ՀՀԿ տնտեսական սեմինարը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ Թումո կենտրոնում: